Մենք համատեղ ընդունել ենք մի օրենքի նախագիծ, որը թույլ է տալիս ժամկետային զինծառայողների համար արձակուրդը դարձնել 21 օր՝ թիկունքային զորամասերում ծառայող զինծառայողների համար և 30 օր՝ սահմանային ծառայություն իրականացնող զինծառայողների համար: Այս մասին խորհրդարանում՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Այսինքն՝ ըստ էության, մենք այդ փոփոխությունը, բարելավումն արդեն իսկ իրականացրել ենք»,- հայտնեց Պապիկյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին, որը հետաքրքրվում էր՝ արդյոք հնարավո՞ր է 2 տարով ծառայող զինծառայողների արձակուրդի խրախուսական նորմ սահմանվի:
Նախարարն ընդգծեց՝ 18-ամսյա ժամկետով ծառայության ընդունումից հետո այդտեղ փոփոխությունների կարիք կլինի, որպեսզի հստակեցվի, քանի որ նախորդ որոշումն ընդունված էր 2 տարվա ծառայության համար, այսինքն՝ յուրաքանչյուր 6 ամիս ծառայության ընթացքում զինծառայողը կարող էր 7 կամ 10 օր ունենալ արձակուրդ:
Ինչ վերաբերում է պատգամավոր Դավիթ Դանիելյանի մտահոգությանը, թե այժմ ծառայության մեջ գտնվող զինծառայողները կարող են նեղվել, որ նոր եկողները իրենց հետ են զորացրվելու, Պապիկյանը չհամաձայնեց դիտարկմանը՝ ասելով, թե համաձայն չէ այն մտքին, թե որևէ անարդար բան կա:
«Անարդարություն էստեղ չկա, քանի որ օրենքը ուժի մեջ կմտնի և անմիջապես զորակոչվող զորակոչի վրա կտարածվի: Այն գուցե որոշակի անարդարություն պարունակեր, եթե մենք օրենքը ընդունեինք հունիսի 1-ին, քանի որ օրենքի մասին խոսակցությունն ավելի վաղ էր, և օրենքը տարածվեր հունիսի 1-ից հետո կամ հունիսի 1-ից հետո ծառայության անցնող քաղաքացիների վրա:
Տվյալ պարագայում ձմեռային զորակոչը, գուցե, էստեղ անարդարություն տեսներ, բայց մենք խոսում ենք մի բանի մասին, որը նոր է տեղի ունենալու, և նախկինում ծառայության մեջ գտնվողների վրա այն տարածելը արդեն անարդար կլիներ: Կարծում եմ՝ սա շատ արդար է, և՛ մեր գործընկերները, և՛ մեր սիրելի զինվորները, և՛ այն ծնողները, որոնց զավակները հիմա գտնվում են ծառայության մեջ, պիտի ըմբռնումով մոտենան, որովհետև սա վերաբերում է ապագայում ծառայողներին, այդ թվում՝ իրենց զավակներին, իրենց եղբայրներին, իրենց հարազատներին ու, առհասարակ, Հայաստանի քաղաքացիներին»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրին, նշեց՝ այն էական ազդեցություն է գործել՝ հաշվարկների հիմքում հենց պայմանագրային զինծառայության անցնող ժամկետային զինծառայողների թվաքանակն ու նրանց մեծ ցանկությունն է:
Հիշեցնենք՝ օրենքի նախագծի համաձայն՝ նախատեսվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը փոխարինել 18-ամսյա ծառայության ժամկետով՝ դրա գործողությունը տարածելով 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա:
«2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը սկսվելու է 2026 թվականի հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամսյա ժամկետով ծառայություն են իրականացնելու 2025-ի ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները»,- ԱԺ ամբիոնից ասել էր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: