ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում ամերիկյան զինված ուժերը շուտով կսկսի հարվածներ հասցնել Լատինական Ամերիկայում ցամաքային թիրախների։
«Թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող մարդիկ անցած տարի սպանել են ավելի քան 200000 քաղաքացու: Մեր գործողությունների արդյունքում այդ թվերը նվազել են»,- մանրամասնել է Դոնալդ Թրամփը կառավարության նիստի ընթացքում։
Սպիտակ տան ղեկավարը նաև հեռախոսազրույց է ունեցել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ՝ պահանջելով նրանից լքել պաշտոնը: Ամերիկյան կողմը մեղադրել է Մադուրոյին՝ նարկոկարտելների հետ կապ ունենալու համար:
Կոլումբիայի նախագահն էլ իր հերթին հայտարարել է, որ Լատինական Ամերիկայի դեմ ցանկացած հարձակում կընկալվի որպես պատերազմի տանող ակտ։ Գուստավո Պետրոն կոչ է արել Թրամփին այցելել Կոլումբիա և տեսնել՝ ինչպես է երկիրը պայքարում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ։