Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն օգտակար և կառուցողական է որակել Վլադիմիր Պուտինի և Սթիվ Ուիթքոֆի բանակցությունները:
«Քննարկեցինք ավելի վաղ Մոսկվային փոխանցված փաստաթղթերի բովանդակությունը: Կոնկրետ ձևակերպումներ չենք դիտարկել, անդրադարձել ենք առաջարկների էությանը: Նախագահ Պուտինը որոշ կետեր քննադատել է, սակայն կողմերը պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքը»,- մանրամասնել է Ուշակովը:
Նրա խոսքով՝ քննարկվել է տարածքների թեման, առանց որոնց Մոսկվան չի տեսնում ճգնաժամի կարգավորումը:
«Տարածքների հարցով փոխզիջումային տարբերակ դեռ չկա: Այնուամենայնիվ, ամերիկյան առաջարկներից մի քանիսը, կարծես, ընդունելի են թվում: Բայց դրանք պետք է քննարկվեն: Որոշ ձևակերպումներ անընդունելի են»,- շեշտել է Ուշակովը:
Անդրադարձ է եղել նաև Ռուսաստան-ԱՄՆ տնտեսական գործակցության հեռանկարին:
«Մեր ամերիկացի գործընկերները Դոնալդ Թրամփին կփոխանցեն Վլադիմիր Պուտինի ողջույնները և մի շարք կարևոր քաղաքական ազդանշաններ»,- շեշտել է ՌԴ նախագահի օգնականը:
Մամուլի ասուլիսում լրագրողները հարց են ուղղել Ուշակովին՝ արդյոք Պուտինը և Սպիտակ տան ներկայացուցիչները քննարկե՞լ են Եվրոպայի դիրքորոշումը: ՌԴ նախագահի օգնականը նշել է, որ Մոսկվան ապակառուցողական է համարում եվրոպական կողմի գործողությունները: