Մեր շահերից է բխում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները նորմալանան, բայց նաև Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները: Դա կարևոր է կապակցվածության համար, կարևոր է նաև բարեկեցության, կարևոր է այդ բոլոր երկրների ժողովուրդների համար: Այդ մասին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի մասնակցությամբ ասուլիսի ժամանակ ասաց ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը:
«Մենք քննարկում էինք, թե կոնկրետ ինչ կարող ենք անել: Մենք հնարավորություն ունենք հանդիպելու բոլոր գործընկերների հետ, հարցերը բարձրացնել բոլորի հետ: Երբեմն փոքր բաներն են շատ կարևոր. օրինակ՝ սահմանահատման կետերի բացում, կապակցվածություն, էներգետիկ ենթակառուցվածքներ և այլն»,- ասաց Կալասը:
«Մենք պատրաստ ենք աջակցել նորմալացման գործընթացին, և այս առումով մենք աշխատում ենք նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Հարավային Կովկասում շատ բան կարող ենք անել կապակցվածության օրակարգով, բայց սա հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շնորհիվ»,- նշեց Մարթա Կոսը:
«Ես վերջերս Տաշքենդում մասնակցել եմ ներդրումային ֆորումի, և մենք այնտեղ քննարկել ենք, և ես հատուկ պլատֆորմ եմ նախաձեռնել, որտեղ պետությունները, կառավարությունները, միջազգային ֆինանսական կազմակերպությունները և մասնավոր բիզնեսները կմիանան: Մենք միայն կառավարություններով չենք կարող անել, պետք է նաև մասնավոր ներդրումներ ներգրավել: Այստեղ խոսքը հիմնականում դիվերսիֆիկացիայի մասին է հարավային ուղու վրա: Եվրոպական ընկերությունների ներկայացուցիչներից մեկն ինձ ասաց՝ ենթակառուցվածքները դուք կառուցեք, բիզնեսը մենք կանենք: Մենք գիտենք՝ ինչպես բիզնեսով զբաղվել, ինչպես փող աշխատել, բայց մեզ անհրաժեշտ են ենթակառուցվածքներ: TRIPP-ը կապակցվածության մի մասն է միայն, պետք է կապենք արևմուտքի և արևելքի հետ: Քննարկում ենք հատուկ քառակողմ խմբի մասին՝ ՀՀ-Ադրբեջան, Թուրքիա և Եվրոպա»,- ասաց նա: