Վերջին շաբաթներին ադրբեջանական բեռնատարները Վրաստանում խնդիրների են բախվում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: Ըստ հրապարակումների՝ սկզբում ձգձգումները ներկայացվել են որպես տեխնիկական խնդիրներ, սակայն ժամանակի ընթացքում ակնհայտ է դարձել, որ խնդիրը միայն բյուրոկրատական գործընթացներով չի պայմանավորված:
Նշվում է, որ փաստաթղթերի ուսումնասիրությունը ձգձգվում է շաբաթներ, իսկ պարզաբանումներ ստանալու փորձերը հանդիպում են վրացական մաքսային ծառայության աշխատակիցների խուսափողական, երբեմն՝ կոպիտ արձագանքի:
Որոշ ադրբեջանցի վարորդներ ավելի քան 3 շաբաթ սպասում են Թբիլիսիի մաքսատանը: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ սկզբնական շրջանում խնդիրը վերաբերել է առանձին բեռնատարների, սակայյն այժմ այն զանգվածային բնույթ է ստացել: Վրաստանը դեռ որևէ բացատրություն չի տվել ուշացումների վերաբերյալ:
Ադրբեջանական կողմը տեղի ունեցողը պայմանավորում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ վերջին ամիսների զարգացումներով և վրացական կողմում առկա մտահոգությամբ, որ երկիրը կարող է կորցնել իր մենաշնորհային դիրքը տրանզիտային ոլորտում:
Հատկանշական է, որ վերջերս Վրաստանում հայկական բեռնատարները ևս բախվել էին նմանատիպ խնդիրների:
Միջազգային անցուդարձը՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում: