Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Անդրիյ Երմակը, որը նոյեմբերի 28-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից, հայտնել է, որ մեկնում է ռազմաճակատ։
«Չեմ ցանկանում խնդիրներ առաջացնել Զելենսկու համար և հեռանում եմ առաջնագիծ, պատրաստ եմ դիմակայել ցանկացած ճնշումների։ Ես ազնիվ և պարկեշտ մարդ եմ»,- նշել է նա New York Post-ի հետ զրույցում։ Երմակի խոսքով՝ իրեն անարգել են, իսկ ճշմարտությունն իմացողները չեն աջակցել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով դատախազությունը խուզարկություն են անցկացրել Երմակի տանը։ Դա տեղի է ունեցել Ուկրաինայում կոռուպցիոն մեծ սկանդալի ֆոնին, որը կապված է «Էներգոատոմ» ընկերության հետ: Ուկրաինական հակակոռուպցիոն մարմինները պարզել են, որ պետական կազմակերպության միջոցով միլիոնավոր դոլարների լվացումներ են եղել: Նշվում է, որ խոշոր չափի հափշտակության սխեմայի հեղինակը և հիմնական շահառուներից մեկը եղել է Զելենսկու նախկին գործընկեր Թիմուր Մինդիչը։ Արծարծվում էր նաև Անդրիյ Երմակի անունը: