Տարածված է եղել այդ մտածելակերպը, որ մենք միշտ հայցում ենք, օգնություն ենք խնդրում՝ ընդունելու բանաձևեր, անելու կոչեր, ուղարկելու առաքելություններ, և այստեղ էլ վատ բան չկա: Դիցուք, Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը մեզ շատ է օգնել մեր պետության համար կրիտիկական ծայրահեղ ծանր իրավիճակում՝ 2022 թվականի աշնանը, և դրա համար մենք շնորհակալ ենք: Այդ մասին ԱԺ-ի՝ նոյեմբերի 28-ի արտահերթ նիստին ասաց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հարակից զեկուցող Արման Եղոյանը՝ անդրադառնալով ««ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում ՀՀ մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագծին:
«Այդ շնորհակալությունը մենք պիտի արտահայտենք ոչ միայն բառերով, այլև գործերով: Հիմա մենք ինչ-որ չափով, բացի շնորհակալությունից, նաև մեր պետության ինստիտուցիոնալ կարողությունները զարգացնելու կոնտեքստում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ արդեն ցանկություն ենք հայտնում ինքներս մասնակցել իրենց կողմից իրականացվող առաքելություններին այլ պետություններում, այսինքն՝ որ այլ պետություններն էլ ԵՄ առաքելություն իրենց պետություն հրավիրելիս տեսնեն նաև հայ մասնակիցներ, տեսնեն, որ Հայաստանն էլ է իրենց մատակարարում կամ մատուցում որոշակի անվտանգային միջոցառումներ:
Սա, կարծում եմ, միայն դրական է և միայն ու միայն խոսում է մեր և Եվրոպական միության հարաբերությունների աննախադեպ խորացման մասին:
Ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանը դեռ նույնիսկ ԵՄ անդամության թեկնածու էլ չէ, նույնիսկ ասոցացման համաձայնագիր էլ չունի, բայց մեր հարաբերություններն այնքան խորն են, որ մենք կարող ենք արդեն մասնակցել իրենց արտաքին անվտանգային և պաշտպանական առաքելություններին երրորդ երկրներում»,- ասաց նա:
Նախագծի մանրամասները՝ այստեղ: