Հայաստանում այս տարի գրանցվել է մեղվաընտանիքների բարձր անկում:
Մեղվապահները զարմացած են՝ կարծես թե ամեն ինչ ճիշտ են արել՝ և՛ բուժումը, և՛ խնամքը, սակայն մեղուները փեթակներից հեռացել են ու այլևս չեն վերադարձել: Շատ գյուղերում մեղրաքամն այդպես էլ տեղի չի ունեցել:
Գյուղացիները ենթադրում են, որ պատճառը շոգն է: Մասնագետների կարծիքը տարբերվում է։
Մեղուների անկման մեծ ծավալը բացատրվում է Ուզբեկստանից ներմուծված մեղվամայրերի թվի ավելացմամբ, որոնք հարմարված չեն հայկական բնությանը:
Մեղուների այդ տեսակը օժտված է բարձր արտադրողականութամբ, որը տեղի է ունենում գարնան սկզբին, երբ Հայաստանում դեռ ցուրտ է: Սակայն այս տարի արձանագրվել է նաև տեղական մեղուների բարձր անկում, որը մասնագետը պայմանավորում է մեղուների բուժման ոչ ճիշտ կազմակերպմամբ:
Միաժամանակ, մեղվապահներին խորհուրդ է տրվում Հայաստանի տարածքում բազմացնել հենց տեղական մեղուն՝ Սյունիքում և Վայոց ձորում՝ հայկական դեղին մեղուն, իսկ հյուսիսային մասերում՝ կովկասյան գորշ մեղուն:
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան