Ինձ համար ահռելի պատիվ է արժանանալ եղբայրական Ղազախստանի բաձրագույն պարգևին, և այդ որոշումը կայացված տեսնել Ձեզ նման փորձառու պետական քաղաքական գործչի, դիվանագետի կողմից և այդ պարգևը ստանալ ձեզնից: Այդ մասին Ղազախստանում նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դա, իհարկե, պարտավորեցնող է, և ես երախտապարտ եմ նման գնահատականների համար: Դուք մի մարդ եք, որ միջազգային ժամանակակից քաղաքականության մեջ շոշափելի ներդրում է ունեցել, և իրադրությունը տեսնել Ձեր գնահատականի տեսանկյունից, իհարկե, չափազանց կարևոր է, որովհետև ցանկացած զարգացում ցանկացած պարագայում միշտ գնահատման և վերագնահատման անհրաժեշտություն ունի»,- ասել է նա:
Փաշինյանը նաև հիշեցրել է, որ երբ 2025-ի օգոստոսի 8-ի խաղաղության գագաթնաժողովից հետո Վաշինգտոնից վերադարձել է, զանգահարել է Տոկաևին:
«Ես հարկ համարեցի զանգել և Ձեզ անձամբ տեղեկացնել տեղի ունեցած իրադարձությունների մասին, և դա նաև իմ գնահատանքն էր արտահայտում այս ընթացքում անձամբ Ձեր ցուցաբերած և Ղազախստանի ցուցաբերած աջակցության համար:
Ուզում եմ հիշեցնել նաև, որ Ղազախստանը շատ կարևոր մի ժամանակահատվածում Ալմա Աթայում մեր երկրների ԱԳ նախարարներին հարթակ տրամադրեց: Այդ խոսակցությունը, այդ բանակցությունները շատ կարևոր էին հետագա զարգացումների համար»,- ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հենվում է հենց Ալմա Աթայի հռչակագրի վրա, որն ունի քաղաքական ու սիմվոլիկ նշանակություն:
Հիշեցնենք, որ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարգևատրել է Ղազախստանի Հանրապետության բարձրագույն պարգևով: