ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Ադրբեջանում գտնվող գերիների վերադարձի հարցին:
«Ես պետքարտուղարի տեղակալի հետ հանդիպել եմ, և հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ եմ կատարել այդ հարցին՝ արձանագրելով, որ նախագահ Թրամփը, այդ թվում՝ հրապարակային, խոսել է այդ հարցով զբաղվելու իր հանձնառության մասին, և ես ներկայացրել եմ, թե մենք երկկողմ մակարդակով ինչ ենք անում այդ խնդրի հետ կապված, և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին խնդրել եմ տեղեկություն տալ, թե Միացյալ Նահանգների կողմից ինչ ջանքեր են գործադրվում այդ ուղղությամբ, և խնդրել եմ շարունակել այդ հարցը պահել ուշադրության կենտրոնում»,- նշեց վարչապետը:
Հիշեցնենք՝ Firebird ընկերությունը ստացել է ԱՄՆ արտահանման լիցենզիա և հայտարարել «Dell Technologies»-ի հետ տեխնոլոգիական գործընկերության մասին՝ ամրապնդելով Հայաստանի դիրքերը արհեստական բանականության և թվային զարգացման ոլորտում։ Այս մասին ընկերությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ նախագծի իրականացումը հնարավոր է դարձել ՀՀ կառավարության աջակցության շնորհիվ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական առաջնորդությամբ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ և այլ դերակատարների մասնակցությամբ:
Հաղորդագրությունում նշվում է նաև, որ ԱՄՆ-ում գործող արհեստական բանականության ամպային և ենթակառուցվածքային տեխնոլոգիաների ընկերությունը հայտարարում է Հայաստանում իր առաջին 500 միլիոն դոլարի ներդրման մասին։ Սա բազմամիլիարդանոց մեգա-նախագծի մեկնարկային փուլն է։