ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Գազայում խաղաղության ամերիկյան ծրագրին աջակցող բանաձև է ընդունել։ Փաստաթուղթը կոչ է անում ստեղծել կայունացնող միջազգային ուժեր, որոնք կապահովեն Գազայի անվտանգությունը: Թե որ երկրներն են ներգրավվելու նախաձեռնությանը՝ չի նշվում:
ԱԽ անդամները նաև ողջունել են ԱՄՆ նախագահի վերահսկողության ներքո անցումային վարչակազմ ստեղծելու գաղափարը։ Փաստացի, այս բանաձևն ազդարարում է Գազայում խաղաղության՝ ԱՄՆ նախագահի 20 կետանոց ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը։
Բանաձևին կողմ է քվեարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամից 13-ը։ Ռուսաստանը և Չինաստանը ձեռնպահ են մնացել։
ՄԱԿ-ում Մոսկվայի մշտական ներկայացուցչությունը անհասկանալի և ոչ միանշանակ է որակել բանաձևը: «Գլխավորն այն է, որ այս փաստաթուղթը պաղեստինյան օկուպացված տարածքներում ԱՄՆ-ի և Իսրայելի անվերահսկելի փորձարկումների քողարկում չդառնա»,- ասված է ռուսական կողմի հայտարարության մեջ։
ՀԱՄԱՍ-ը քննադատել է ԱԽ բանաձևը՝ պնդելով, որ այն չի հարգում պաղեստինցի ժողովրդի իրավունքներն ու պահանջները։