Այսօր Ջրային կոմիտեն հյուրընկալել էր գերմանական «Վերականգնման վարկերի բանկի» (KfW) քաղաքաշինության և տնտեսական զարգացման բաժնի ղեկավար Էվա Շնայդերին, Հայաստանի ջրային ծրագրերի ղեկավար Բարբարա Փալմին և բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանին։ Այս մասին տեղեկացնում են Ջրային կոմիտեից:
«Հանդիպման ընթացքում քննարկվեցին Կապսի ջրամբարի կառուցման ծրագրի ընթացիկ կարգավիճակը և առկա խնդիրները, ինչպես նաև ծրագրի հետագա ընթացքի մի քանի տարբերակներ։ Կողմերը համակարծիք էին հրատապ լուծումներ գտնելու և կառույցի անվտանգությունն ապահովելու հարցում։
Անդրադարձ եղավ նաև «Համայնքային ենթակառուցվածքների II ծրագիր, փուլ 3 - Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածք» ծրագրի ավարտական փուլի խնդիրներին։
KfW-ի գործընկերները հետաքրքրվեցին այն մասին, թե ոլորտի բարեփոխման հարցում ինչպիսի տեսլական ունի Ջրային կոմիտեի նախագահը, և ինչ միջազգային ծրագրերի իրականացում է նախատեսվում մոտ ապագայում։
Ի պատասխան՝ նախանշվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրային ուղղություններ և հետագա համագործակցության հնարավորություններ»,- ասված է հաղորդագրությունում։