Կառավարության որոշումներով մի շարք ընկերություններ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակներում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից:
«Դռագսման ցեմենտ» ՍՊԸ-ը ներմուծվող սարքավորումը նախատեսում է օգտագործել ցեմենտի արտադրության նպատակով կայանի կառուցման համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1.4 մլրդ դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման, 250 մլն դրամի ներդրում ապամոնտաժման և մոնտաժման աշխատանքների իրականացման, 50 մլն դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման և 200 մլն դրամի ներդրում հատուկ տեխնիկայի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 10 աշխատատեղ 350 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նախատեսվում է աշխատատեղերի թվաքանակը հասցնել մինչև 50-ի՝ 400 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 818 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 40.9 մլն դրամ։
«Չանախ» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել կաթնամթերքի արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 120 մլն դրամի կապիտալ ներդրում և 470 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Մինչև 2028 թվականը նախատեսվում է ստեղծել 10 նոր աշխատատեղ՝ 142 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 470 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 70.5 մլն դրամ։
«Ավոյան ԷյՍի» ընկերությունը ներմուծվող հումքը և սարքավորումները նախատեսում է օգտագործել օդատար համակարգերի արտադրության և տեղադրման համար՝ իրականացնելով 157.6 մլն դրամի ներդրում: Ներդրումային ծրագրի շրջանակում՝ մինչև 2026 թվականը նախատեսվում է ստեղծել 6 նոր աշխատատեղեր 312 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 121 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 7.7 մլն դրամ։
«ԴՆԿ-տեխնոլոգիա ԱՄ» ընկերությունը նախատեսում է օգտագործել ջերմոցների կառուցման համար։ Կառուցվելիք ջերմոցային տնտեսությունը շահագործվելու է ելակ աճեցնելու համար: Ծրագրի շրջանակում փաստացի արդեն իսկ իրականացվել է 255 մլն դրամի ներդրում և նախատեսվում է իրականացնել ևս 706 մլն դրամի ներդրում: Ներդրումների շուրջ 60%-ը նախատեսվում է իրականացնել հիմնական միջոցների ձեռքբերման համար, իսկ մնացած մասը շինարարական աշխատանքների իրականացման, հումքի ու նյութերի ձեռքբերման համար: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 32 նոր աշխատատեղ՝ մինչև 280 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 548 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 27.4 մլն դրամ: