Կառավարությունը հաստատել է ՀՀ պետական մասնակցությամբ ընկերությունների և մինորիտար մասնակցությամբ ընկերությունների սեփականության քաղաքականությունը:
2024 թ. տվյալներով՝ հանրապետությունում գործում են թվով 184 պետական և համայնքային մասնակցությամբ ընկերություններ: Առկա է նաև 19 ընկերություն, որտեղ պետությունն ունի մինչև 50 տոկոս մինորիտար բաժնեմաս: Ընկերությունները հիմնականում գործում են այնպիսի ռազմավարական ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, առողջապահությունը, ջրային տնտեսությունը:
Ըստ հիմնավորման՝ ՀՀ-ում ՊՄԸ-ները և ՄՄԸ կարևոր դեր են խաղում հանրային ծառայությունների մատուցման, ռազմավարական ոլորտների զարգացման, տնտեսական ակտիվության խթանման, ինչպես նաև սոցիալ-տնտեսական կայունության ապահովման մի շարք ոլորտներում: Հիմնավորման համաձայն՝ ներկայումս բացակայում է իրավական ուժ ունեցող միասնական փաստաթուղթ, որը կհստակեցնի պետության՝ որպես սեփականատիրոջ (բաժնետիրոջ) դերը, նպատակները, առաջնահերթություններն ու գործառույթները, ինչպես նաև՝ կառավարման ռազմավարական մոտեցումները՞
Որոշմամբ, մասնավորապես, առաջարկվում է. ձևակերպել պետության՝ որպես սեփականատիրոջ դերը, նպատակներն ու առաջնահերթությունները՝ տարբեր տեսակի ընկերությունների նկատմամբ, ապահովել պետական մարմինների միջև լիազորությունների հստակ տարանջատում և պատասխանատվության բաշխում, ներդնել սեփականության հիմնավորման և ռազմավարական կառավարման գործիքակազմի միատեսակ համակարգ, բարձրացնել կորպորատիվ կառավարման, ֆինանսական վերահսկողության և հաշվետվողականության մակարդակը, կառավարել ֆիսկալ ռիսկերը և նպաստել պետական միջոցների արդյունավետ օգտագործմանը, սահմանել ՊՄԸ-ների և ՄՄԸ-ների սեփականության քաղաքականության իրագործման գործողությունների ծրագիրը՝ ներկայացնելով ծրագրով սահմանվող գործողությունների պատասխանատու մարմիններին և գործողությունների իրականացման ժամկետները:
Արդյունքում՝ կձևակերպվեն պետական մասնակցության հիմնավորումները, կսահմանվեն պետական մասնակցությամբ և մինորիտար մասնակցությամբ ընկերություններում բաժնեմասնակցության պահպանման հիմնավորումները՝ ելնելով ազգային, ռազմավարական, սոցիալական և տնտեսական առաջնահերթություններից, հստակ կտարանջատվեն պետական մարմինների միջև լիազորությունները, կսահմանվեն ՊՄԸ-ների թիրախները և նպատակները՝ համապատասխան արդյունավետության ցուցանիշներով, կներդրվեն ՊՄԸ-ների և ՄՄԸ-ների կառավարման միատարր մոտեցումներ, կկիրառվեն թափանցիկության և հաշվետվողականության միատեսակ չափանիշներ, կսահմանվեն ՊՄԸ-ների կատարողականի գնահատման չափորոշիչներ, հաշվետվությունների հրապարակման և մշտադիտարկման մեխանիզմներ: