Նոյեմբերի 10-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխամասային գրասենյակում ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի Ներկայացուցիչ՝ Ջորջ Ախալկացիին, (EBRD), Ասիական Զարգացման Բանկի Վրաստանի գրասենյակի ավագ ներդրումային մասնագետ՝ Ժուժաննա Գաբրիելլա Դ. Մոսնիեին, (ADB) և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) ՀՀ-ում ավագ ներկայացուցիչ՝ Արման Բարխուդարյանին: Այս մասին հայտնել է «ՀԷՑ» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժինը:
«Հանդիպմանը ներկա էին նաև «ՀԷՑ» ՓԲ Ընկերության Գլխավոր տնօրենի տեղակալ, Էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն՝ Արմեն Շահնազարյանը, Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի ներդրումային մասնագետ` Վյաչեսլավ Գորդիենկոյին և Ասիական Զարգացման Բանկի ներդրումային մասնագետ՝ Անա Գվալիային:
Հանդիպման սկզբում Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ 2025թ. հուլիսի 18-ի ՀԾԿՀ Նախագահի՝ «Վարչական վարույթ հարուցելու և կանխարգելիչ միջոցառում կիրառելու մասին» թիվ 1-Ա որոշմամբ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ Ընկերության ժամանակավոր կառավարումը ստանձնելուն հաջորդիվ, ի թիվս այլ գործընթացների, իր հանձնարարությամբ նախաձեռնվել է Ընկերությունում ֆինանսատնտեսական փաստաթղթերի, այդ թվում՝ աուդիտորական եզրակացությունների, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացված ֆինանսական հաշվետվությունների, միջազգային և հայաստանյան մասնավոր բանկերի հետ կնքված վարկային պայմանագրերի բազմակողմանի ոլորտային ուսումնասիրություններ:
Միևնույն ժամանակ, Ժամանակավոր կառավարիչը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց մի շարք մանրամասներ, ըստ որոնց ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ Ընկերության կողմից տրամադրվել են երաշխավորություններ/երաշխիքներ հայաստանյան 5 բանկերի միջոցով «Տաշիր» ընկերությունների խմբի հետ ուղիղ կամ անուղղակի փոխկապակցված մի շարք առևտրային ընկերությունների՝ փաստացի նաև խախտելով նշյալ միջազգային ֆինանսական կառույցների հետ կնքված պայմանագրերի համապատասխան դրույթները (ֆինանսական կովենանտների/պահանջների հետ կապված):
2016-2025թթ. ընթացքում տրամադրված երաշխավորությունների ընդհանուր համագումարը կազմում է ավելի քան 690 մլն ԱՄՆ դոլար:
Ժամանակավոր կառավարչի նշանակման պահին գործող երաշխավորությունների ֆինանսական բեռը կազմում էր ավելի քան 200 մլն ԱՄՆ դոլար:
Նշենք, որ այդ երաշխիքները ՀԷՑ-ը տվել է առանց ՀԾԿՀ-ի կողմից անհրաժեշտ համաձայնություն ստանալու, ըստ էության, այդ գործընթացներն Ընկերության կողմից իրականացվել են «գաղտնիության» ռեժիմում:
Հանդիպման ընթացքում Ընկերության ժամանակավոր կառավարիչը հավաստիացրեց, որ ինչպես ս.թ. հուլիսի 18-ից սկսած, այնպես էլ հետայսու Ընկերությունը կշարունակի սահմանված ժամկետներում և ընթացակարգերով իրականացնել միջազգային բանկերի նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունների՝ պատշաճ և ժամանակին սպասարկումը:
Կողմերը նաև անդրադարձ կատարեցին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ Ընկերության և ՎԶԵԲ, ԱԶԲ, ՄՖԿ-ի հետ ընթացիկ համագործակցության վերաբերյալ մի շարք խնդիրների՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով այսուհետ ևս շարունակել փոխգործակցությունը և պարբերական հանդիպումների ընթացքում միմյանց հետ կիսվել խնդրո առարկայի վերաբերյալ ընթացիկ տեղեկատվությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: