ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի պաշտոնյաները չեն մասնակցի Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայանալիք G20 գագաթնաժողովին՝ մեղադրելով այդ երկրի իշխանություններին սպիտակամորթ բնակչության իրավունքները խախտելու համար։
«Ամերիկյան կառավարության ոչ մի պաշտոնյա չի մասնակցի, քանի դեռ շարունակվում են մարդու իրավունքների խախտումները»,- գրել է նա Truth Social սոցիալական հարթակում։ Գագաթնաժողովը տեղի կունենա Յոհաննեսբուրգում նոյեմբերի 22-23-ը։
Վերջին ամիսներին Թրամփը բազմիցս քննադատել է Հարավաֆրիկյան Հանրապետության ղեկավարությանը՝ պնդելով, որ այն բավարար միջոցներ չի ձեռնարկում իր սպիտակամորթ բնակչության անվտանգությունն ապահովելու համար։
Սեպտեմբերի 5-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ չի մասնակցելու այդ գագաթնաժողովին, իր փոխարեն Յոհաննեսբուրգ կմեկնի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: Մամուլը, սակայն, ենթադրում է, որ կչեղարկվի նաև Վենսի մասնակցությունն այդ հանդիպմանը:
Միևնույն ժամանակ, Truth Social սոցիալական ցանցում Թրամփը գրել է, որ անհամբեր սպասում է 2026 թվականի G20-ի գագաթնաժողովին ԱՄՆ-ում` Մայամիում, և ուրախ կլինի հյուրընկալել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ու Չինաստանի նախագահ Սի Ծինփինին: