Խաղաղության գործընթացին վերաբերող ամենաառանցքային և ամենաքննարկվող հարցերից մեկը երաշխիքներն են, որովհետև մինչ խաղաղության պայմանագրի տեքստի հրապարակումը, մինչ Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը, մինչև մյուս փաստաթղթերը, որոնք հաջողվել է ադրբեջանական կողմի հետ համաձայնեցնել ու վավերացնել, ինչպես, օրինակ՝ սահմանազատման գործընթացի դեպքում, կանոնակարգը, որը ստորագրվեց ու վավերացվեց, բոլոր փաստաթղթերի ու գործընթացների շուրջ կա մի հսկայական կոնսպիրոլոգիա, դավադրաբանական տարբեր վարկածներ, մանիպուլյացիաներ՝ հաճախ միտումնավոր: Այս մասին «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագրով համաժողովում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
ԱԳ նախարարի խոսքով՝ դրանք կարող են որոշակի հոգեբանական հիմք ունենալ երկրի ներսում կամ ուղղորդված լինել այլ աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից՝ խաթարելու խաղաղության գործընթացը:
«Եվ ահա յուրաքանչյուր նման գործընթացի դեպքում, երբ այն հասնում է որևէ հանգրվանի, երբ փաստաթուղթը ստորագրվում և հանրայնացվում է, բոլոր այդ դավադրաբանական վարկածները հօդս են ցնդում բնականաբար, որովհետև մարդիկ կարող են ուղղակի կարդալ՝ ինչ է ստորագրված ու հրապարակված: Եվ վերջում մնում է մի հարց՝ լավ, չկա այս սպառնալիքը, լավ, չկա այն վարկածը, բայց ի՞նչ երաշխիք, որ այս ամենը կգործի: Ա՛յ երաշխիքի հարցը առարկայական քննարկում է պահանջում»,- նշեց Միրզոյանը՝ ընդգծելով, որ իր խորին համոզմամբ` կա մի հստակ երաշխիք:
Նրա խոսքով՝ դա մի երրորդ երկրի մասնակցությունը չէ, երկրների խմբի ստորագրությունը չէ, զանազան խաղաղապահներն ու առաքելությունները չեն:
Միրզոյանը պարզաբանեց՝ որն է այդ երաշխիքը. «Այն, ինչի շուրջ հնարավորություն է ստեղծվել ձեռք բերել պայմանավորվածություն, այն, ինչ համաձայնեցվել է և դեռ կհամաձայնեցվի մնացած ուղղություններով, ձեռնտու և շահավետ է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, և՛ տարածաշրջանի մյուս երկրներին»:
Նրա խոսքով՝ այս փոխշահավետությունն է, որը հարատևություն, երկարատև կյանք է հաղորդելու խաղաղության համաձայնագրին, որը կստորագրվի, հռչակագրին, որը երկրների ղեկավարների կողմից ստորագրվել է, սահմանազատման կանոնակարգին, որը վավերացվել է Ազգային ժողովում, և մնացած բոլոր համաձայնություններին, որոնք առաջիկայում ձեռք կբերվեն:
«Ոչ մի շահագրգռություն չի ունենալու Հայաստանը՝ խախտել այդ պայմանագիրը կամ պայմանավորվածությունները, իմ պատկերացմամբ, ոչ մի շահագրգռություն չի ունենալու Ադրբեջանը՝ խախտել այդ պայմանավորվածությունները, ոչ մի շահագրգռություն չի ունենալու Թուրքիան՝ խաթարել այդ գործընթացը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև և մնացած բոլոր երկրները ևս»,- ընդգծեց նախարարը: