ԵՄ-ի հետ մեր խորացող հարաբերությունները շատերը երևի կարող են մեկնաբանել դիվերսիֆիկացման կոնտեքստում, և Եվրամիության հետ մեր հարաբերությունների խորացումը կարող է միայն հավասարակշռության կոնտեքստում դիտարկվել: Այս մասին «Օրբելի ֆորում 2025. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» համաժողովում ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ խոսելով Հայաստանի վարած բալանսավորված արտաքին քաղաքականության մասին:
«Անշուշտ, այն պահից, երբ խոսք կգնա կոնկրետ ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի հայտի մասին, իմաստ կունենա նորից անդրադառնալ այդ հարցին, բայց այս պահին առնվազն մեր հարաբերությունները որևէ երկրի հետ հենց դիվերսիֆիկացման համատեքստում կարող են դիտարկվել»,- ասաց նախարարը:
Պատասխանելով Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) վերաբերյալ հարցին՝ Միրզոյանը հայտնեց՝ Հայաստանն ու Ադրբեջանը հետաքրքրություն են ցուցաբերել ՇՀԿ լիիրավ անդամ լինելու հեռանկարի մեջ:
«Վերջին՝ երկու ամիս առաջ տեղի ունեցած նախարարական ձևաչափում այդ Համագործակցության կազմակերպության անդամ երկրների դիրքորոշումը, որքան հասկանում եմ, այն էր, որ գործընթացը սկսվում է, և այդ մասին որոշում հավանաբար հաջորդ փուլում կկայացվի»,- ասաց Միրզոյանը՝ նշելով, որ Հայաստանը հետաքրքրված է ՇՀԿ-ով, ինչպես նաև նման համագործակցություն ենթադրող միջազգային այլ կազմակերպություններում կամ ձևաչափերով:
Միրզոյանն ընդգծեց՝ սա ընդհանրապես չի հակասում մեր ցանկությանը՝ խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ, կամ, եթե պայմանական կարճ ասենք՝ Հայաստանի ԵՄ անդամ հեռանկարի հետ:
«Դեռ ԵՄ-ի հետ ճանապարհ կա անցնելու, բազմաթիվ ծրագրեր կան համագործակցության, բազմաթիվ փաստաթղթեր քննարկման ընթացքում են։ Սա նաև ՀՀ քաղաքացիների պատկերացումն է. տեսանք, թե ինչպես քաղաքացիական նախաձեռնությունը բերվեց ԱԺ, և հիմա արդեն ունենք օրենք, որը ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը դարձնում է իմպերատիվ քաղաքականություն գործադիր իշխանության համար: Սրանք գործընթացներ են, որոնք զուգահեռ գնում են և միմյանց չեն հակասում»,- նշեց ԱԳ նախարարը: