Տարածաշրջանային առումով հիմա Հայաստանում կա մի բացառիկ իրավիճակ: Բացառիկ իրավիճակը հետևյալն է. մենք ինստիտուցիոնալ կապ ունենք մեր տարածաշրջանի բոլոր երկրների հետ: Այդ մասին «Օրբելի ֆորում-2025»-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսպիսի իրավիճակ մենք նախկինում չենք ունեցել: Իհարկե, Վրաստանի և Իրանի հետ մեզ միշտ կապել են եղբայրական, բարեկամական կապեր, բայց Ադրբեջանի և Թուրքիայի հետ մենք երբեք ինստիտուցիոնալ կապ չենք ունեցել: Հիմա նորությունն այն է, որ մենք և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ ունենք ինստիտուցիոնալ մշտական հաղորդակցություն, և սա կարևորագույն նորություն է»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, ապա վարչապետն ասաց. «Այսպիսի մի նրբության մասին եմ ուզում խոսել՝ ցույց տալու համար, թե սոցիալ-հոգեբանական բանաձևերը փոխելը երբեմն ինչ մեծ դժվարությունների հետ են կապված: Օրինակ՝ մինչև հիմա հայաստանյան խոսույթում, այդ թվում՝ ես, երևի չնկատելով, շատ հաճախ օգտագործում ենք հայ-ռուսական, հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերություններ, որը չի արտահայտում այն բովանդակությունը, որի մասին մենք խոսում ենք, որովհետև հայ-թուրքական հարաբերությունները ուրիշ բան են, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները՝ ուրիշ բան: Այնպես չէ, որ դրանք համաընկնման տեղեր չունեն: Հայաստան-Ադրբեջան հարաբերությունն ուրիշ բան է, հայ-ադրբեջանական հարաբերությունները՝ ուրիշ»,- ասաց վարչապետը:
Վարչապետի խոսքով՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները ճիշտ ուղու վրա են: «Ես ասել եմ, որ, իմ գնահատմամբ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, սահմանի բացումը ժամանակի հարց է, և ես վերահաստատում եմ դա, որովհետև մենք գտնվում ենք ճիշտ ճանապարհի վրա: Այստեղ խնդիրը արագությունն է այդ ճանապարհն անցնելու, և պիտի արձանագրենք, որ այդ ճանապարհի վրա ազդում են ոչ միայն երկու երկրներում առկա քաղաքական կամքը, այլև որոշակի գրավիտացիոն գործոններ, բայց իմ գնահատականը շարունակում է մնալ նույնը:
Շատ կարևոր է՝ վերջին տարիներին նախագահ Էրդողանի հետ մենք շատ հաճախ ենք հանդիպում: Ես երկու անգամ Թուրքիա եմ այցելել, ընդ որում՝ վերջին անգամ առաջին անգամ երկկողմ ձևաչափով աշխատանքային այցով եղել եմ Թուրքիայում: Այդ այցը շատ հաջող եմ համարում: Այդ այցի ընթացքում նաև նախագահ Էրդողանին հրավիրել եմ մասնակցելու 2026 թվականի մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Ես ճիշտ չի լինի, որպեսզի մեկնաբանեմ Թուրքիայի նախագահի այցելելու հնարավորությունը, պարզապես կարող եմ ասել, որ պաշտոնապես հրավիրել եմ, և հույս ունեմ, որ այդ հրավերը կընդունվի»: