Ինտենսիվ շփումները բոլոր հարցերի շուրջ են: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի հետ քննարկումներին:
«Դրանք վերաբերում են շատ տարբեր հարցերի, օրինակ՝ սահմանազատման, սահմանագծման օրակարգով պարոն Գրիգորյանն է աշխատում, ԱԳՆ-ն համապատասխանաբար իրենց օրակարգով է աշխատում, ԱԽ-ն և Արմեն Գրիգորյանն իր գործընկերոջ հետ են աշխատում: Երբ արդյունքները լինում են, մենք դրանց մասին խոսում ենք, և կարծում եմ, որ այն տեմպը, որ կա Հայաստան-Ադրբեջան գործընթացում, հարաբերություններում, վատը չէ, օրինակ՝ Ադրբեջանի կողմից իր մասով հայկական բեռների տեղափոխման շրջափակման արգելքի հանումը: Պետությունների ղեկավարների միջև շփում երբ լինում է, դուք այդ մասին իմանում եք պարտադիր,- նշեց Արայիկ Հարությունյանը և ավելացրեց,- երկկողմ շփումներում խաղաղության պայմանագրի ստորագրման հարցն անընդհատ կա, և պետք է փորձենք նաև ընդհանուր եզրեր գտնել, որ այդ փաստաթուղթը ստորագրվի»: