«Իմ քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շրջանակում իրականացվող «Ավանդական գյուղատնտեսությունից՝ նորարարական գյուղատնտեսություն» փուլային նախագծի` դրամաշնորհներ ստացած 17 շահառու-ընտանիքները սկսել են իրենց գործարար ծրագրերի իրականացումը` այսպիսով անցում կատարելով ավանդական գյուլատնտեսությունից դեպ խելացի գյուղատնտեսություն: Այս մասին հայտնել է «Իմ քայլը» հիմնադրամը:
«Շինարարական աշխատանքներն ընթանում են մեծ թափով: Շահառուները ոգևորված են առաջընթացով և վստահ՝ սա մի մեծ կարևոր քայլ է դեպի նորարարական գյուղատնտեսություն ու տնտեսական կայունություն:
Յուրաքանչյուրի հետ աշխատում է տվյալ ընտանիքին կցված փորձագետը, ով ոչ միայն աջակցել է բիզնես պլանների մշակման փուլում, այլև այժմ կառավարում և վերահսկում է շինարարական աշխատանքների ընթացքը՝ մասնագիտական խորհուրդներով աջակցելով գործընթացին:
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորող Վահրամ Եղյանի ընտանիքը, որը զբաղվում է թռչնաբուծությամբ, այժմ կառուցում է նոր թռչնանոց՝ տրամադրված դրամաշնորհի միջոցներով։ Արդեն տեղադրված է 1000 տեղանոց ինկուբատոր, որտեղ կպահվեն ճուտիկները։ Հայկ Գրիգորյանի ընտանիքը տանը հարակից հատվածում կառուցում է կիսախելացի անասնագոմ՝ անասունների արդյունավետ խնամքի համար։ Շահառուներ Գարեգինը և Գայանեն, ովքեր բազմազավակ ընտանիքի ծնողներ են, ծրագրի շնորհիվ վերանորոգում են գործող անասնագոմն ու տանիքը։
Հիշեցնենք, որ «Հորիզոնների» «Ավանդական գյուղատնտեսությունից՝ նորարարական գյուղատնտեսություն» փուլային նախագծի շրջանակում օգոստոսի 15-ին տեղի էր ունեցել 17 շահառու ընտանիքների բիզնես ծրագրերի ներկայացումը հանձնաժողովին։ Բոլոր ընտանիքները ստացել են դրամաշնորհներ և հանդիսանում են «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի «Ագրոտեխնոլոգիա» խմբակի սովորողների ընտանիքներ։
Ծրագրի նպատակն է խթանել նորարարական մոտեցումների ներդրումը գյուղատնտեսության մեջ և տարածել այն մեծահասակների շրջանում, որոնց ներշնչման հիմնական աղբյուրը հանդիսանում են իրենց զավակները` «Հորիզոններ» ծրագրի սովորողները՝ իրենց գիտելիքով, ոգևորությամբ և ժամանակակից ձեռնարկատիրական մտածողությամբ։
Մենք համոզված ենք, որ այս նախաձեռնությունը ոչ միայն նպաստում է շահառու ընտանիքների տնտեսական կայունացմանը, այլև փոխում է գյուղատնտեսության մասին ձևավորված կարծրացած ավանդական ընկալումները՝ ճանապարհ հարթելով նոր սերնդի նորարար գյուղատնտեսների համար»,- ասված է հաղորդագրության մեջ։