Բնապահպանական շարունակական բարեփոխումների շրջանակում, Կովկասի բնության հիմնադրամի աջակցությամբ, հաջողությամբ ավարտվեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի էկոպարեկային ծառայողների վերապատրաստման ծրագիրը։
Նախատեսված մեկշաբաթյա ինտենսիվ դասընթացն անցկացվեց Գառնու հատվածում գտնվող «Խոսրովի անտառ» արգելոցի այցելուների կենտրոնում։
Ծրագրի հիմնական շեշտը դրված էր առաջին բուժօգնության տեսական գիտելիքների և գործնական հմտությունների խորացված յուրացման վրա։
Ծառայողները համալրեցին իրենց գիտելիքների պաշարը՝ ձեռք բերելով կարևոր փորձառություն արագ արձագանքման մարտավարությունների, տուժածների անվտանգ տեղափոխման և դժվարանցանելի լեռնային տեղանքներում անվտանգության կանոնների վերաբերյալ։ Այս վերապատրաստումը կենսական ներդրում է՝ ապահովելու ծառայողների անձնական անվտանգությունը, ինչպես նաև արգելոցի տարածքում գտնվող այցելուներին ու տուժածներին ժամանակին և արդյունավետ օգնություն ցուցաբերելու կարողությունը։
Ծրագրի ավարտական օրը նվիրված էր գիտելիքների ամրապնդմանը. մասնակիցները ներգրավվեցին ստուգիչ հարցազրույցներում և հմտությունների գործնական վարժանքներում։ Օրվա ավարտին նրանց հանդիսավորությամբ հանձնվեցին հավաստագրեր, որոնք վկայում են նոր հմտությունների և մասնագիտական կարողությունների ձեռքբերման մասին։
ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը բարձր է գնահատում Կովկասի բնության հիմնադրամի անգնահատելի գործընկերային աջակցությունը։ Այս շարունակական ծրագիրը հնարավորություն է տալիս կայուն կերպով ամրապնդել ծառայողների մասնագիտական ներուժը։
Վերապատրաստման ծրագիրն ունի շարունակական բնույթ՝ ապահովելով էկոպարեկային ծառայության մշտական պատրաստվածությունը և արդիականացումը։