ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի Երրորդ կոմիտեի՝ ՄԱԿ Արտադատական, ամփոփ կամ կամայական մահապատիժների հարցերով հատուկ զեկուցողի հետ ինտերակտիվ երկխոսության ժամանակ ՀՀ պատվիրակությունը շեշտել է, որ, չնայած պետությունների հստակ պարտավորություններին, արտադատական սպանությունները, խոշտանգումները, կամայական կալանքները և այլ լուրջ խախտումները շարունակում են արձանագրվել, հատկապես զինված հակամարտությունների պայմաններում, ինչը միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը:
Նշվել է, որ նման հանցագործությունների առկայությունը, որոնք հաճախ հանդուրժվում կամ նույնիսկ խրախուսվում են պետությունների կողմից, ընդգծում է միջազգային հանրության կողմից կանխարգելիչ մեխանիզմների ամրապնդման և անպատժելիության դեմ պայքարի հրատապ անհրաժեշտությունը։
ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ կանխելու և վերացնելու արտադատական, ամփոփ կամ կամայական մահապատիժները բոլոր իրավիճակներում և կոչ արեց միջազգային հանրությանը և ՄԱԿ մարդու իրավունքների մեխանիզմներին լիարժեք ներգրավված լինել արդարության և մարդկային արժանապատվության պաշտպանության գործում։