Խորհրդարանում հյուրընկալել ենք Եվրոպական անկախ կյանքի ցանցի (ENIL) գործադիր տնօրեն Ինես Բուլիչին, Եվրոպական հաշմանդամության ֆորումի գործադիր կոմիտեի անդամ Նադիա Հադադին, Եվրոպական նախագծերի տարածաշրջանային պատասխանատու Ֆրենկ Սիոենեին և «Ագաթ» ՀԿ-ի ներկայացուցիչներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը:
Նրանք Հայաստանում են՝ մասնակցելու Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի շրջանակում անցկացվող ազգային համաժողովին։
Եվրոպական անկախ կյանքի ցանցը (ENIL) հիմնադրվել է 1989 թվականին Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանում, 18 երկրներից ավելի քան 80 հաշմանդամություն ունեցող անձանց կողմից։ ENIL-ը գործում է մի շարք ուղղություններով՝ անկախ կյանք, ապաինստիտուցիոնալացում, անձնական օգնականի ծառայություններ, մատչելի միջավայրեր, ներառական կրթություն, ֆինանսավորում, խտրականության և ատելության խոսքի դեմ պայքար։
Այսօր ցանցն ունի ավելի քան 600 անհատ անդամ, 300 ասոցացված անդամ և 80-ից ավելի լիիրավ կազմակերպություն, իսկ երիտասարդական անդամների թիվը գերազանցում է 380-ը։
«Այսօրվա մեր հանդիպման ընթացքում հանձնաժողովի անդամների հետ քննարկեցինք անձնական օգնականի, անկախ կյանքի կենտրոնների ծառայություններին և ներառական աշխատաշուկային վերաբերող հարցեր։
Կարևորվեց Եվրոպական երկրների փորձի փոխանակումը՝ ի նպաստ Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի կայացման»,- գրել է Զարուհի Բաթոյանը։