Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր հանդիպում է ունեցել «Վորլդ Վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացիկ ուղղություններին, այդ թվում՝ սոցիալական ծառայությունների, սոցիալ-տնտեսական ինտեգրման և երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։ Դիտարկվել են նաև ապաինստիտուցիոնալացման, խնամատարության ինստիտուտի զարգացման, սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացման ուղղություններով փորձի փոխանակման ու փոխադարձ այցերի կազմակերպման հնարավորությունները։
Արսեն Թորոսյանը բարձր է գնահատել «Վորլդ Վիժն Հայաստան»-ի հետ արդյունավետ գործընկերությունը՝ շեշտելով հավասար հնարավորությունների ապահովման ոլորտում համատեղ իրականացված աշխատանքների կարևորությունը։ Այս համատեքստում Արսեն Թորոսյանը խոսել է ԱՍՀ նախարարության կողմից հասարակական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով երեխաների ցերեկային խնամքի ծառայությունների տրամադրման գործընթացի մասին, որի շրջանակում 2020-2025 թթ․ «Վորլդ Վիժն Հայաստանը» անհրաժեշտ ծառայություններ է տրամադրել ավելի քան 5500 երեխայի և նրանց ընտանիքների։
Րաֆֆի Դուդակլյանը ևս ընդգծել է նախարարության հետ համագործակցության դերը՝ կարևորելով պետական և հասարակական հատվածների համատեղ ջանքերի դերը սոցիալական պաշտպանության համակարգի զարգացման գործում։
Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որով վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը տեղահանված անձանց սոցիալական ներառման, երեխաների իրավունքների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ։