Երևանի քաղաքապետարանի ենթակայության 42 մանկապարտեզներում տեղադրվել են տեսահսկման համակարգեր, որոնց արդյունքները, ըստ անհրաժեշտության, արձանագրվում են՝ ամսաթիվը և հստակ ժամն ամրագրելով: Դիտարկվող մանկապարտեզների ընտրանքն իրականացվում է ինչպես պլանավորմամբ կամ պատահականության սկզբունքով, այնպես էլ ահազանգերին արձագանքելով: Այդ մասին հարցը քննարկվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Քննարկվել է նաև Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի 33 հասցեում («Վերոնիկա») նոր մանկապարտեզի կառուցման հարցը, որի նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու խորհրդատվական աշխատանքները ձեռք բերելու մրցույթն արդեն կայացել է: Հաղթող մասնակիցն է «Երևաննախագիծ» ՓԲ ընկերությունը: Պայմանագիրը կնքվել է:
Նաև զեկուցվել է, որ Երևանում շարունակվում է փողոցների միջին նորոգումը: Գործընթացն ավարտված է Արաբկիր վարչական շրջանի Գյուլբենկյան փողոցում, ավարտական փուլում է Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայում: Աշխատանքները շարունակվում են Էրեբունի վարչական շրջանի Էրեբունու և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիկի փողոցներում: Հաջորդիվ գործընթացը կմեկնարկի Դավթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում: