Այս տարի նախաձեռնվել է 45 նոր տրոլեյբուսի ձեռքբերման մրցույթ, որի ֆինանսական միջոցներն արդեն հատկացվել են: Այսօր մատակարար կազմակերպության հետ համաձայնագրի կնքման վերջնաժամկետն է: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Անդրադառնալով կանգառասրահների կահավորմանը՝ Երևանի փոխքաղաքապետը նշեց, որ նախաձեռնվել է 384 կանգառասրահի տեղադրման մրցույթ, ապա հետաքրքրված տնտեսվարողներին հորդորեց ծանոթանալ ընթացակարգին և հայտ ներկայացնել:
«Մինչև այս տարվա վերջ շուրջ 40 կանգառասրահներում ունենալու ենք կահավորում՝ չվացուցակներով»,- ասաց նա։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ ներկայումս 6 կանգառասրահում տեղադրված են չվացուցակով էկրաններ, իսկ մինչև տարեվերջ թիվը կդառնա 40։