2025թ. հոկտեմբերի 15-ին, Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Բյոն Բերգին է հանձնել «Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Օվիեդոյի կոնվենցիա) վավերագիրը։ Տվյալ քայլով Հայաստանն ավարտին հասցրեց 202 4թ․ մայիսին ստորագրված Կոնվենցիայի վավերացման ներպետական գործընթացը։ Այս մասին տեղեկացնում են ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից:
Դեսպան Պապիկյանը կարևորել է Հայաստանի միանալը կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային միակ իրավական գործիքին՝ hաշվի առնելով, որ Օվիեդոյի կոնվենցիան օժտված է արդյունավետ իրավական մեխանիզմներով, որոնք ուղղված են մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանությանը առողջապահության և գիտական բժշկության ոլորտներում։
Արձանագրելով, որ Օվիեդոյի կոնվենցիան համալրում է Հայաստանի կողմից մինչ այս վավերացված Եվրոպայի խորհրդի 70 կոնվենցիաների շարքը, դեսպանն ընդգծել է, որ ԵԽ կոնվենցիաները հիմք են ծառայել լայնածավալ իրավական և գործնական բարեփոխումների իրականացման համար՝ նպաստելով Հայաստանում հասարակական կյանքի տարբեր ոլորտներում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդմանը, ինչը վկայում է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ սերտ և արդյունավետ համագործակցության մասին։