Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար տիկին Աստրիդ Շոմեյքերին։ Այս մասին տեղեկացնում են ՇՄՆ-ից:
Տիկին Շոմեյքերի հերթական այցն է Հայաստան՝ ծանոթանալու Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (
#COP17) նախապատրաստական աշխատանքների ընթացքին, որը 2026 թվականին կայանալու է մեր երկրում։
Զրույցի ընթացքում քննարկվել են կազմակերպչական ընթացքը, ենթակառուցվածքային և մասնագիտական պատրաստությունները, ինչպես նաև այն հնարավորությունները, որոնք
#COP17-ը բացում է Հայաստանի համար՝ որպես տարածաշրջանային հարթակ՝ կենսաբազմազանության պահպանման և բնապահպանական համագործակցության ոլորտում։
Այս համաժողովը բացառիկ հնարավորություն է Հայաստանը ներկայացնելու որպես պատասխանատու գործընկեր՝ համաշխարհային բնապահպանական օրակարգի ձևավորման գործընթացում։ Կարևորվել է միջազգային համագործակցությունը՝ գիտելիքի, փորձի և լավագույն պրակտիկաների փոխանակման միջոցով՝ ընդհանուր նպատակի՝ կենսաբազմազանության պահպանությանը հասնելու համար։
Նախարարը նշել է, որ համատեղ և հետևողական աշխատանքի շնորհիվ արժանապատվորեն կընդունենք այս կարևոր միջոցառումը՝ ևս մեկ անգամ ցույց տալով մեր երկրի պատրաստակամությունն ու ներուժը՝ աջակցելու համաշխարհային բնապահպանական նախաձեռնություններին։