ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հոկտեմբերի 13-ին հանդիպել է ճանաչողական այցով արդեն երկրորդ տարին Հայաստան այցելած «Դանիայի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին:
Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` Արման Եղոյանը կարևորել է կազմակերպության՝ ժողովրդավարական արժեքների տարածմանն ուղղված առաքելությունը:
Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձևաչափով: Հասարակական կազմակերպության անդամները հետաքրքրվել են Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությամբ, արձանագրված հաջողություններով:
Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ Հայաստանն ունի եվրոպական ձգտումներ, ինչի ապացույցն Ազգային ժողովում ընդունված «Եվրոպական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքն է:
Զրուցակիցները խոսել են աշխարհում առկա մարտահրավերների ու դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ:
Անդրադարձ է կատարվել 2026 թվականին մեր երկրում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացմանը: