Չեխիայի Ազգային թանգարանի գլխավոր տնօրեն Միխել Լուկեշի հրավերով հոկտեմբերի 8-11-ը Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Պողոսյանը և փոխտնօրեն Նժդեհ Երանյանը այցելել են Պրահա և մի շարք կարևոր մասնագիտական, փորձի փոխանակման հանդիպումներ ունեցել Ազգային թանգարանի ղեկավարության և մասնագիտական անձնակազմի հետ։
Այցին մասնակցել են նաև Ե․ Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության տնօրեն Արմեն Հովհաննիսյանը, տնօրենի խորհրդական Դավիթ Դանիելյանը։
Այս տարի Ազգային թանգարանում բացվել է «Լուսի և Սալեմ․ մարդիկ և նրանց նախնիները» բացառիկ միջազգային ցուցահանդեսը, որի շրջանակներում առաջին անգամ Եվրոպայում ցուցադրվում են Եթովպիայից հայտնաբերված ավստրալոպիտեկների մնացորդներ (մեզանից 3.3-ից 2.8 միլիոն տարի առաջ թվագրվող)։ Վերջին տարիներին իրականացված այս և այլ կարևոր ծրագրերին ծանոթանալուց զատ հանդիպումներ են եղել թանգարանի գլխավոր տնօրեն Միխել Լուկեշի, փոխտնօրեն Պետր Բրուհայի, պատմության թանգարանի տնօրեն Զուզաննա Ստրանդովայի և այլ գործընկերների հետ։ Հատուկ այց է կազմակերպվել թանգարանի պահոցներ, որոնք գտնվում են Պրահայից դուրս, հատուկ վերականգնման և ամրակայման համար հարմարեցված կառույցներում։
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել շարունակելու համատեղ ցուցադրական և մասնագիտական համագործակցության աշխատանքները։
Նշենք, որ Հայաստանի պատմության թանգարանի և Չեխիայի Ազգային թանգարանի միջև հուշագիր է ստորագրվել 2024 թ․՝ Հայաստանի պատմության թանգարանում համատեղ իրականացված «Չեխիայի ամրոցները և դղյակները» ժամանակավոր ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողության ընթացքում։