Նուբարաշենի աղբավայրի հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։
Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (վտանգավոր քիմիական կամ կենսաբանական նյութերի կամ թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 23։53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի կենցաղային աղբավայրում հրդեհ է բռնկվել:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել էր, որ այս դեպքը պատահական չէր, այլ դիտավորություն էր: Ավինյանը նշել էր, որ խոսել է ԱԱԾ տնօրենի և ՆԳ նախարարի հետ:
Տիգրան Ավինյանի որոշմամբ «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի պաշտոնակատար Վահե Վարդապետյանն ազատվել է աշխատանքից։