Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը բանակցություններ են վարել Տաջիկստանում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում: Դա նրանց առաջին հանդիպումն է եղել մեկ տարվա ընթացքում: Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան կանի ամեն բան Ադրբեջանի հետ հարաբերությունների դինամիկան պահպանելու համար: Ալիևը հայտարարել է ռուս-ադրբեջանական հարաբերություններում լավ առաջընթացի մասին։ «Ոչ մի ոլորտում հետընթաց չի գրանցվել»,- նշել է նա։
Կողմերն անդրադարձել են 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանում «Ադրբեջանական ավիաուղիների»՝ Բաքվից Գրոզնի մեկնող ինքնաթիռի վթարին, որի հետևանքով 38 մարդ էր զոհվել: Պուտինն ընդունել է Ռուսաստանի առնչությունն օդանավի կործանմանը, նաև խոսել է ողբերգության պատճառների մասին: Նա նշել է, որ ադրբեջանական ինքնաթիռի աղետի պատճառներից մեկը եղել է Գրոզնիի երկնքում ուկրաինական անօդաչու թռչող սարքի առկայությունը։ Նա հավելել է, որ ինքնաթիռը կործանվել է ռուսական հակաօդային պաշտպանության հրթիռների բեկորներից, ոչ թե դրանց հարվածից։ Հրթիռները պայթել են, ինչի պատճառը կարող էր լինել ՀՕՊ համակարգում տեխնիկական խափանումը:
Ալիևը Պուտինին շնորհակալություն է հայտնել ինքնաթիռի կործանման հետաքննությունն անձամբ վերահսկելու և մանրամասն տեղեկատվություն հաղորդելու համար:
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով:
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան