Այսօր մեկնարկել են «Հաջողակից՝ սկսնակին» փոքր բիզնեսի աջակցման ծրագրի 3րդ` «Ստեղծենք միասին» փուլի շահառուների դասընթացները, որոնք բիզնեսի պլանավորման և կառավարման համար անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների յուրացում են խտացված ծրագրի շնորհիվ: Ինչպես նախկինում հայտնել էին հիմնադրամից, այս փուլի շահառուները նորաստեղծ այն ընտանիքներն էին, ովքեր ցանկանում էին սկսել կամ զարգացնել իրենց փոքր բիզնեսը:
«Այս փուլում 74 դիմորդ-ընտանիքներից 45-ը համապատասխանել էին նախապես հայտարարված չափորոշիչներին: Նրանցից 14 ընտանիք այսօր արդեն ներկա էին դասընթացին օֆլայն խմբի հետ, իսկ շահառուների մյուս մասը դասընթացին կմասնակցի օնլայն ձևաչափով: Նրանք առաջիկա 35 օրերի ընթացքում մասնակցելու են բիզնես կառավարման և պլանավորման խորագրով դասընթացների, որոնք կվարի փորձառու բիզնես խորհրդատու Մհեր Դավոյանը իր թիմի հետ։ Դասընթացները նպատակ ունեն լրացնել գործարար հմտությունների պակասը՝ կենտրոնանալով մենեջմենթի, մարքեթինգի, կազմակերպաիրավական պլանավորման և օրենսդրության կարևորագույն կետերի վրա։
Դասընթացների ավարտին մասնակիցները, աշխատելով իրենց թիմերի և խորհրդատուների հետ, պետք է ներկայացնեն իրենց բիզնես պլանները, որոնք կուսումնասիրվեն և կգնահատվեն հատուկ կազմված հանձնաժողովի կողմից։ Արդյունքում՝ առավել իրատեսական և հետաքրքիր ծրագրերը կստանան դրամաշնորհներ։ Հարկ է նշել, որ դրամաշնորհները հատկացվում են նախապես կազմակերպված բարեգործական ընթրիքից գոյացած հասույթից, ինչին հիմնադրամն ավելացնում է նաև իր ֆինանսական միջոցները:
«Հաջողակից՝ սկսնակին» ծրագիրը «Իմ Քայլը» հիմնադրամի կարևոր նախաձեռնություններից է, որը նպատակ ունի խթանելու փոքր բիզնեսի զարգացումը և ձևավորելու բարեգործության նոր մշակույթ, որտեղ կայացած գործարարները ներդրում են կատարում սկսնակ ձեռնարկատերերի զարգացման գործում»,- ասված է հաղորդագրությունում։