Շինհրապարակների պատշաճ կահավորման արձանագրություններով պայմանավորված՝ հաջորդ տարի կդիտարկվեն կառուցապատողներին վերաբերող հնարավոր տարատեսակ արտոնությունները: Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Շինթույլտվությունների ժամկետների երկարաձգման հնարավոր վճարների, տուրքերի արտոնությունները նաև դիտարկվելու են շինհրապարակների կահավորման կոնտեքստում: Մասնավորապես, մեր գործընկերներն այսօրվանից պետք է իմանան, որ իրենց շինհրապարակները ոչ պատշաճ կահավորելու դեպքում իրենք չեն ունենալու այն արտոնությունները, ինչ որ կունենային, եթե պատշաճ կահավորած լինեին:
Արձանագրություններն ուղղակիորեն ազդելու են կառուցապատողների արտոնությունների վրա:
Եվ ուզում եմ հատուկ շեշտել՝ այս պահից սկսած դա էական ազդեցություն է ունենալու կառուցապատողների տուրքերի վրա: Կառուցապատողներն ինչպիսի վերաբերմունք կցուցաբերեն ավագանու որոշման նկատմամբ, մասնավորապես, ցանցերով և կահավորման մասով, համապատասխան վերաբերմունք էլ կցուցաբերի ավագանին:
Այնպես որ, հարգելի կառուցապատողներ, հաշվի առեք, որ չտեղադրած փոշու կլանիչ ցանցերը, օդի որակի չափիչ սարքերը, ձեր ոչ պատշաճ կահավորումը ֆինանսապես էականորեն ազդելու են ձեզ վրա: Ուզում եմ հատուկ շեշտել, որ սա այն է, ինչ մենք ավագանիով դեկտեմբերին որոշումն ընդունելու ենք:
Այնպես որ, հարգելի կառուցապատողներ, այս ուղերձն ուշադիր լսեք, որովհետև հաջորդ տարի կարող է շատ բարդ տարի լինի ձեր համար այս առումով»,- ասաց Ավինյանը: