Շինհրապարակներում տեղադրված օդի որակի մոնիթորինգի սարքերից 2025 թվականի օգոստոսին ստացվել են հետևյալ տվյալները՝ PM 2,5-ի համար արժեքը եղել է 65, իսկ PM 10-ի համար՝ 15: Երկուսն էլ «լավ» կամ «չափավոր լավ» միջակայքերում են: Սեպտեմբերին ստացված տվյալների համաձայն՝ PM 2,5-ի համար կազմել է 58, իսկ PМ 10-ի համար՝ 12: Սրանք ևս «լավ» կամ «չափավոր լավ» միջակայքերում են: Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի՝ հոկտեմբերի 6-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ ամռանն ու աշնանը Երևանում օդի որակի վատ լինելու մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում։
«Անկախ լուրերից, թե Երևանում ամառային շրջանում, աշնանային շրջանում օդի որակը չափազանց վատն է, իրականությանը չեն համապատասխանում։ Սա ապացուցում են բոլոր 166 սարքերը, որոնք տեղադրված են Երևանում։
Սակայն հիշեցնեմ, որ օդի որակի խնդիրները կսկսվեն նոյեմբերին, և այդ առումով մենք վստահաբար ունենք անելիքներ»,- ասաց նա՝ խնդրելով կենտրոնանալ ձմեռային ամիսներին խնդիրների վրա:
Քաղաքապետը ևս ընդգծեց՝ օգոստոսին ու սեպտեմբերին օդի որակը գերազանց և լավ միջակայքերում է եղել:
«Վիզուալ առումով շատ տեղերում շինարարությունը խնդիրներ է բերում, որոշ կետային խնդիրներ ունենք, հետևաբար, դեկտեմբերին ավագանու որոշումներն այնպես ենք կառուցելու, որ կառուցապատողները, որոնք խախտում են ավագանու կողմից սահմանված փոշու ցանցերի, կահավորման [պայմանները], որևէ տեսակի աղտոտում են բերում քաղաքին, խստորեն պատժվելու են։ Պատժվելու են ռետրոսպեկտիվ, պատժվելու են, երբ գան շինթույլտվության երկարաձգման»,- ասաց նա։
Քաղաքապետը նաև հիշեցրեց՝ փոշու ցանցեր չունենալու համար տուգանքը 70 հազար դրամ է. «Շատերը մտածեցին՝ ինչո՞ւ 2-3 մլն դրամ ծախս անեմ, ցանց քաշեմ, փոշու հետ կապված խնդիրները լուծեմ, դե կվճարեմ 70 հազար դրամը։
Հարգելինե՛րս, վստահեցնում եմ՝ դուք հարյուրավոր, միլիոնավոր դրամներ եք վճարելու անպատասխանատու վերաբերմունքի համար։ Ես ձեզ վստահեցնում եմ: Այն ավագանու որոշումը, որն այս դեկտեմբերին կընդունվի, ուղղակիորեն ազդելու է ձեր ֆինանսական վիճակի վրա, և այն տուրքերը, որոնք դուք ստիպված կլինեք վճարել՝ չպահպանելով Երևանի ավագանու կայացրած որոշումները, վստահորեն շատ և շատ ֆինանսական բարդություններ կարող են առաջացնել:
Հետևաբար, օր առաջ, ևս մեկ անգամ մտածեք ձեր ընդհանուր քաղաքականության մասին,- ասաց նա և հավելեց.- Ով Երևանի ավագանու կողմից ընդունված քաղաքականությունը չպահպանեց, շատ և շատ փոշմանելու է»։