ՀԱՄԱՍ-ը մեկնաբանել է Գազայում պատերազմը դադարեցնելու՝ Դոնալդ Թրամփի ծրագիրը: Պաղեստինյան շարժման քաղբյուրոյի անդամ Մոհամմեդ Նազալը հայտնել է, որ պատրաստվում են որոշ փոփոխություններ առաջարկել: «Շուտով կներկայացնենք մեր պաշտոնական պատասխանը»,- նշել է նա: Նազալն ընդգծել է, որ ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը «լուրջ է տրամադրված համաձայնության հասնելու հարցում», սակայն չեն ընդունի այնպիսի գործարք, որը կստիպի պաղեստինցիներին հրաժարվել իրենց օրինական իրավունքներից:
Սեպտեմբերի 29-ին Իսրայելի վարչապետի հետ հանդիպման ընթացքում Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը Գազայում պատերազմը դադարեցնելու՝ 20 կետից բաղկացած ծրագիր է մշակել: Այն նախատեսում է գերիների վերադարձ, ՀԱՄԱՍ-ի ռազմական ներուժի չեզոքացում, Գազայի ապառազմականացում: Նաև պետք է երաշխավորվի, որ Գազան այլևս երբեք սպառնալիք չներկայացնի Իսրայելի համար։ Ըստ առաջարկի՝ Գազան պետք է ունենա խաղաղ քաղաքացիական վարչակազմ, որը չեն ղեկավարի ո՛չ ՀԱՄԱՍ-ը, ո՛չ Պաղեստինի ինքնավարությունը։ Նախաձեռնությունը կյանքի կոչելու համար կստեղծվի միջազգային վերահսկողական նոր մարմին՝ Խաղաղության խորհուրդ: Ակնկալվում է, որ Իսրայելն էլ պետք է աստիճանաբար դուրս բերի զորքերը դեպի համաձայնեցված գիծ։ Կմշակվի Գազայի վերակառուցման, տարածաշրջանի աշխուժացման և ներդրումների ապահովման մեխանիզմ: Վաշինգտոնը կգործակցի արաբական և միջազգային գործընկերների հետ՝ ստեղծելու Միջազգային կայունացման ժամանակավոր ուժեր, որոնք անմիջապես կտեղակայվեն Գազայում:
Մանրամասները՝ տեսաշարում: