Պեկինում իրադարձություններն ավելի արագ զարգացան, քան կարելի էր սպասել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։
«Ըստ Beijing Normal University-ի «School of Philosophy»-ի երկամյա մագիստրոսական ծրագրի ակադեմիական ժամանակացույցի` երկրորդ տարվա աշնանային կիսամյակին հաստատվում է գիտական թեզի թեման, թեզի առաջարկի պաշտպանությունը տեղի է ունենում դեկտեմբերին, ապրիլին թեզը ներկայացվում է պաշտպանության, վերջնական պաշտպանությունը տեղի է ունենում մայիսի վերջին։
Իմ թեզի թեման հաստատվեց առաջին տարվա առաջին կիսամյակի առաջին շաբաթվա ընթացքում։ Չեմ թաքցնի, որ այս առիթով շատ ուրախ եմ և ներշնչված։ Ու, քանի որ, արդեն պետք է սկսեմ աշխատել գրելու վրա, գիտական ղեկավարիս առաջարկով դա կանեմ` Հայաստանում գտնվելով: Կմեկուսանամ և կաշխատեմ թեզիս վրա։ Այն պաշտպանության կներկայացնեմ ավելի շուտ, քան նախատեսված էր։ Ի պատասխան սպասվող զանազան-զարմանազան հորինվածքներին` պետք է ասեմ, որ, ըստ պայմանավորվածության` թեզիս պաշտպանության ամբողջական տեսագրությունը կհրապարակենք։
Հ.Գ. Իսկ Պեկինը փաստորեն աշխարհում երկրորդ քաղաքն է, որտեղ Արփին և ես տուն ունեցանք։ Փոքրիկ, հարմարավետ, ժամանակավոր տուն BNU կամպուսում։ Այս մեկ ամսվա ընթացքում Արփին հաճախեց դպրոց, ընկերացավ բոլորի հետ, հատկապես` երկու շատ սիրելի ընկերուհի ձեռք բերեց։
Այն ջերմ վերաբերմունքն ու հոգատարությունը, որ մենք ստացանք, պարզապես անգնահատելի են։ Կարծում եմ` Beijing Normal University-ի «School of Philosophy»-ի հետ ես դեռ երկար ճանապարհ կանցնեմ։
Ի դեպ, համալսարանները վարկանիշավորող ամենահեղինակավոր աղբյուրներից մեկի համաձայն` BNU փիլիսոփայության դպրոցը աշխարհի լավագույն հարյուր համալսարանների շարքում է։
Կրթվելը նորաձև է»,-նշել է նա։