Առաջարկվում է ՀՀ սեփականություն հանդիսացող Երևան, Աջափնյակ, Հովհաննես Շիրազ փողոցի ձախակողմյան մասի հասցեում գտնվող 18 մլն 293 հազար 121 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 735 քառակուսի մետր հողամասն ամրացնել ՀՀ ՏԿԵՆ պետական գույգի կառավարման կոմիտեին: Այդ մասին որոշումը Կառավարության՝ հոկտեմբերի 2-ի նիստին ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը:
«Նշված անշարժ գույքը ՀՀ-ին է վերադարձվել ՀՀ գլխավոր դատախազության հայցի հիման վրա Հակակոռուպցիոն դատարանի կողմից կայացված դատական ակտով, որով անվավեր է ճանաչվել Երևանի քաղաքապետի և Մարինե Վարդանյանի միջև 01.02.2003 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա Երևան, Աջափնյակ, Հովհաննես Շիրազ փողոցի ձախակողմյան հատվածում գտնվող 735 քառակուսի մետր մակերեսով հողամասի սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Վճռի հիման վրա 2025 թվականի օգոստոսի 5-ին նշված հասցեում գտնվող 735 քառակուսի մետր մակերեսով հողամասի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունք»,- ասաց նա:
Գործադիրի նիստը վարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց՝ սա վճի՞ռ է, թե՞ հաշտություն, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն արձագանքեց՝ վճիռ է, ապա հավելեց. «Մի փոքր պարզաբանեմ, թե ինչու ենք նշում ձախակողմյան հատված: Որովհետև փողոցի այդ հատվածը չունի կոնկրետ հասցե՝ թվով կամ կոտորակով, դրա համար հատվածն ուղղակի հստակեցված է, հստակեցված է մակերեսը: Նաև նշեմ, որ հողամասն ունի նպատակային նշանակություն՝ բնակավայրերի»:
Գլխավոր դատախազը նաև տեղեկացրեց, որ այսուհետ Կառավարությունն է որոշելու այս գույքի ճակատագիրը: