Մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստը:
ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ելույթում անդրադարձավ երեկ ԱԺ նիստերի դահլիճում հնչած մի քանի արտահայտությունների, որոնք, նրա խոսքով, իրավամբ կարելի է ծաղր անվանել:
Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Էլինար Վարդանյանի` շուրջ 5000 զոհի վերաբերյալ մեղադրանքներին` նշեց, որ ենթադրում է՝ նրան ի սկզբանե չի երջանկացրել զոհերի 3900-ը չգերազանցող թիվը, և նա երջանկության համար այդ թիվը որոշել է մեծացնել:
Նա ընդդիմադիրներին մեղադրեց կեղծ լինելու մեջ:
«Ձեր ամեն ինչը կեղծ է, ժողովուրդ ջան: Դուք զոհերի թիվը ուռճացնում եք, դուք ձեր դեմքին Էգեյան ծովի կայֆերից հետո գալիս եք էստեղ, սքեմավորի դիմակ եք հագնում, իբր դուք մտահոգ եք:
Ձեր այդ ազգային-հայրենասիրական, պատմական հայրենիքի պահանջատիրությունը ինչի է վերաբերում մենակ Հայաստան-Թուրքիա սահմանից էն կողմին:
Նույն տրամաբանությամբ հարց եմ տալիս՝ Հայաստան-Իրան սահմանից այն կողմ չկա՞ տարածք, որը մեր պատմական հայրենիքի մաս է եղել: Օրինակ՝ Ուրմիա լիճը մեր պատմական հայրենիքի մաս չի՞»,- հայտարարեց պատգամավորը՝ ընդդիմադիր գործընկերներին մեղադրելով նրանում, որ նրանք չեն իրենց հայրենասիրության մոդելի տերը:
«Դա դուք չեք որոշում: Դա ձեր տեղը որոշել է սովետական կայսրությունը: Դուք այդքան չկաք, որ որոշեք՝ որն է նույնիսկ ձեր պատմական հայրենիքի սահմանը: Դուք նույնիսկ դա ինքնուրույն որոշել ի վիճակի չեք, ուր մնաց՝ ձեր իրական հայրենիքի, իրական պետության մասին խոսեք: Այս պետությունը ձերը չէ, դուք այս պետության հետ կապ չունեք:
Գիտեմ, որ իրապես երջանիկ չեք, որ սահմանին զոհ չկա, որովհետև ես հիշում եմ ձեր աչքերի փայլը, երբ ադրբեջանական կողմից էսկալացիա էր լինում, բայց ես ձեզ պիտի տխրեցնեմ էլի՝ դուք շարունակելու եք այս հանգամանքի բերումով դժբախտ մնալ, շատ դժբախտ եք մնալու»,- ասաց Ալեքսանյանը: