ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ բանավեճ եղավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի միջև:
«Դուք ինձ մեղադրեցիք սուտ ասելու մեջ, և ես ուզում եմ առիթից օգտվել և ձեզ մեղադրել սուտ ասելու մեջ, որովհետև եթե ձեր ասածները ճիշտ լինեին, դուք էս վերջին 7 տարում 87 անգամ հեղափոխություն անելու կոչ էիք արել:
Վաշինգտոնի հռչակագրից հետո, Խաղաղության համաձայնագրի հրապարակումից հետո ի՞նչ գործ ունեք խորհրդարանում: Եթե ամեն ինչ այդպես վատ է, դուրս եկեք հրապարակներ, կոչ արեք, հեղափոխություն արեք, բա ինչի՞ եք եկել այս փափուկ աթոռներին նստել. կանգնեք, էլ չնստեք. ի՞նչ գործ ունեք այստեղ: Բա որ այդ ամեն ինչը ճիշտ է, բա ո՞ւր են ձեր զանգվածները, ո՞ւր է ձեր հեղափոխությունը, համակերպվո՞ւմ եք այդ ամեն ինչի հետ, բա ամոթ չի՞, բա եկել նստել եք, գործուղումների եք գնում»,- նշեց Փաշինյանը:
Պատասխանելով ՔՊ կուսակցությանը նվիրատվություն արած անձանց ցուցակը չհրապարակելու Մանուկյանի մեղադրանքին՝ վարչապետը նշեց, որ ցուցակն «Ազդարար»-ում հրապարակվել է: «Բայց ես ուզում եմ տեսնել Դաշնակցության նվիրատվության ցուցակը, «Պատիվ ունեմ»-ի նվիրատվությունների ցուցակը: Ո՞ւր է, մի հատ տվեք նայենք: Մի հատ տվեք նայենք այդ նվիրատուների ցուցակը: Դուք չունեք նվիրատու, դուք զբաղված եք կոնսպիրատիվ գործունեությամբ: Ես ենթադրում եմ, որ ինչ-որ երկրների բյուջեներից սակվոյաժներով ձեզ ֆինանսավորում են, դրա համար դուք չունեք նվիրատվության խնդիր, դուք ունեք գուցե աշխատավարձ, որ գուցե ստանում եք ոչ միայն ՀՀ-ից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: