ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ‘Ֆլահերթիի հետ: Այս մասին վարչապետը գրել է ֆեյսբուքյան իր էջում և կից տեսանյութ հրապարակել:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանն ուղղված քայլերը, ինչպես նաև Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության հեռանկարները։
Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել մարդու իրավունքների հանձնակատարի գործունեությունը և ընդգծել Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման ոլորտներում։
Մայքլ Օ‘Ֆլահերթին բարձր է գնահատել ՀՀ կառավարության հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում և ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ իրականացված հետևողական քայլերը՝ ընդգծելով, որ դա նպաստում է քաղաքացիների հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությանը։
Կողմերը քննարկել են նաև համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ շեշտելով Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև շարունակական ու կառուցողական երկխոսության կարևորությունը:
Հիշեցնենք՝ Ստրասբուրգում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի պարտավորությունների հարցով համազեկուցողներ Բորիանա Աբերգի և Պիերո Ֆասսինոյի հետ, ՄԻԵԴ և ԵԽԽՎ նախագահների հետ: Տեղի էր ունեցել նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ։