Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող, արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը ներկայացրեց օրենքի նախագծի հիմնական կարգավորումները:
Նրա խոսքով՝ գործող օրենսդրական կարգավորումների պայմաններում Պրոբացիայի ծառայությունում աշխատանքի ընդունված ծառայողին «արդարադատության ոլորտի հերթական» կոչում կարող է շնորհվել Պրոբացիայի ծառայությունում որոշակի ժամկետով ծառայելու դեպքում: Վերոնշյալ դրույթները վերաբերելի են միայն պրոբացիայի ծառայողներին: Այնինչ, Պրոբացիայի ծառայություն աշխատանքի ընդունված ՀՀ պետական տարբեր մարմինների ծառայողներ, որոնք արդեն իսկ ունեին դասային աստիճաններ և կոչումով ծառայության ստաժ, գործող իրավակարգավորումների պայմաններում պաշտոնի նշանակվելիս հայտնվում են ոչ բարենպաստ վիճակում՝ կապված վերջիններիս կոչումներ շնորհելու համար ծառայության ժամկետի հաշվարկի հետ:
Ուստի բաց է մնում պետական այլ մարմիններում աշխատած անձանց մասով հերթական կոչումի շնորհման համար տվյալ մարմնում ծառայության ժամկետը հաշվակցելու հարցը: Նման պայմաններում խախտվում են նշված անձանց իրավունքները, վերջիններս հայտնվում են անհավասար պայմաններում:
Հաշվի առնելով վերոհիշյալը` առաջարկվում է «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքի /այսուհետ նաև՝ Օրենք/ 11-րդ հոդվածը լրացնել նոր մասով և սահմանել, որ Օրենքով սահմանված կարգով կոչումներ շնորհելիս Պրոբացիայի ծառայությունում, պետական այլ մարմիններում շնորհված համապատասխան կոչումով (դասային աստիճանով) ծառայության ժամկետը հաշվի է առնվում:
Բացի այդ Օրենքի 35-րդ հոդված 2-րդ մասի համաձայն՝ «Պրոբացիայի ծառայողների նկատմամբ կարող է կիրառվել նաև արտահերթ կոչում, այդ թվում՝ իրենց զբաղեցրած պաշտոնի համապատասխան կոչումից ավելի բարձր կոչումի շնորհում խրախուսանքի տեսակը, որը պրոբացիայի ծառայողների նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել մեկ անգամ:»:
Սակայն նույն հոդվածի 3-րդ մասով սահմանվել է, որ «Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված խրախուսանքի տեսակը չի կարող կիրառվել Պրոբացիայի ծառայության պաշտոնին համապատասխանող՝ սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված առավելագույն կոչում ունեցող պրոբացիայի ծառայողների նկատմամբ:»:
Արդյունքում առաջացել է ներքին հակասություն. մի դեպքում օրենքը թույլատրում է պաշտոնին համապատասխան ավելի բարձր կոչում շնորհել, մյուս դեպքում արգելում:
Ուստի, ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ և լրացում կատարել օրենքում:
««Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ՀՀ պետական այլ մարմիններում կոչումով ծառայության ստաժը հաշվարկել Պրոբացիայի ծառայությունում հերթական կոչում շնորհելու համար ծառայության ստաժը հաշվարկելիս, ինչպես նաև Պրոբացիայի ծառայողների, որպես խրախուսանք հնարավորություն ընձեռնել շնորհելու զբաղեցրած պաշտոնի համապատասխան կոչումից 1 աստիճանով ավելի բարձր կոչում, բացառությամբ՝ արդարադատության գնդապետի կոչումից բարձր կոչումների:
Օրենքի նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռնվի Պրոբացիայի ծառայությունում աշխատանքի ներգրավել առավել փորձառու և բանիմաց մասնագետների, ինչպես նաև կանխել ծառայողների արտահոսքը այլ ծառայություններ, որտեղ կոչումով ծառայության ստաժը հաշվարկվում է: