«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը հայտարարում է «ՄԻՄՅԱՆՑԻՑ ՈԳԵՇՆՉՎԱԾ» նախագծի մեկնարկը, որը «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում իրականացվող արդեն 4-րդ փուլային նախագիծն է։ Այս մասին տեղեկացրել է հիմնադրամը:
«Պայմանավորված ծրագրին մասնակցելու մեծ ցանկությամբ և կին սկսնակ գործարարների կողմից ստացված անթիվ նամակներով, այս անգամ ևս նախագծի շահառուները կլինեն սկսնակ կին գործարարները: Նախագիծն ուղղված է Հայաստանում ձեռնարկատիրական ներուժի խթանմանը՝ շահառուներին տրամադրելով ֆինանսական աջակցություն սեփական փոքր բիզնեսի ստեղծման կամ զարգացման համար։
«Հաջողակից՝ սկսնակին» ծրագրով Հիմնադրամը կամուրջ է հանդիսանում տարբեր բնագավառներում հաջողության հասած մարդկանց և առաջին քայլերը կատարողների միջև, աջակցում և հետևում է, որպեսզի բարեգործությունը լինի թիրախային և նպատակային, բարեգործության արդյունքում ստեղծվի հանրային բարիք:
Նախագծին աջակցելու նպատակով հիմնադրամի գործադիր տնօրեն և ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հրավիրում է բոլոր հաջողակ, կայացած կանանց և իրենց ընտանիքներին մասնակցելու «Իմ քայլը» հիմնադրամի կազմակերպած բարեգործական ընթրիքին, որը տեղի կունենա նոյեմբերի 12-ին՝ ժամը 18:00-ին, Սևանի «Յասաման» ռեստորանում: Տոմսի արժեքը 1 մլն ՀՀ դրամ է յուրաքանչյուր հյուրի համար:
Տոմսերից գոյացած ողջ հասույթը կուղղվի ծրագրի շրջանակում ընտրված կին գործարարներին, ովքեր կհաղթահարեն ընտրական բոլոր փուլերը և արդյունքում կստեղծեն կամ կզարգացնեն իրենց բիզնեսները։ «ՄԻՄՅԱՆՑԻՑ ՈԳԵՇՆՉՎԱԾ» նախագծի հիմքում ընկած է համոզմունքը, որ բիզնես ոլորտում կայացած կանանց աջակցությունը կարող է իրական փոփոխություն բերել առաջին քայլերն անող կանանց կյանքում՝ ձևավորելով փոխաջակցության, բարեգործության նոր մշակույթ։
Տոմսեր ձեռք բերելու համար կարող եք զանգահարել 044 444 113 հեռախոսահամարով կամ գրել
[email protected] էլ․ հասցեին։ Տոմսերի ձեռքբերման վերջնաժամկետն է՝ նոյեմբերի 7, 2025թ․:
Այն կանայք, ովքեր կցանկանան դառնալ ծրագրի այս փուլի շահառու, մասնակցության հայտ ներկայացնելու գործընթացին և չափանիշների մասին հայտարարություններին կարող են ծանոթանալ հիմնադրամի առաջիկա հրապարակումներում»,- ասված է հաղորդագրության մեջ։