ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի առաքելությանը՝ Կլիմայի փոփոխության և կայուն զարգացման ղեկավար Եվգենի Ժուկովի գլխավորությամբ։
«Հանդիպման ընթացքում քննարկեցինք 2026 թվականին Հայաստանում կայանալիք COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Կիսվեցի Նյու Յորքում միջազգային գործընկերներիս հետ ունեցած քննարկումների արդյունքներով ու ձեռք բերված պայմանավորվածություններով։ Նշեցի, որ մեր նպատակն է COP17-ի օրակարգը դարձնել հնարավորինս ներառական, հարուստ և ընդգրկուն։
Շնորհակալություն հայտնեցի ԱԶԲ գործընկերներին՝ մեր աշխատանքներին աջակցելու պատրաստակամության համար։
Բացի այդ, անդրադարձանք կենսաբազմազանությանը նվիրված արդեն ընթացող նախագծերին, մասնավորապես՝ Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագրերին։
Հանդիպումն ամրապնդեց մեր ընդհանուր պատրաստակամությունը՝ COP17-ը դարձնելու արդյունավետ ու հաջողված հարթակ, որտեղ Հայաստանը կներկայացնի իր պատասխանատու դիրքորոշումն ու ներդրումը գլոբալ կենսաբազմազանության և կլիմայական օրակարգում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը։