ՄԱԿ-ի ամբիոնը հենց դրա համար է, որ որոշակի հարցեր ոչ թե պարզվեն, այլ պարզաբանվեն: ՄԱԿ-ի ամբիոնը հենց դիրքորոշումները ձևակերպելու, դիրքորոշումները հնարավորինս մոտեցնելու համար է: Դա նաև իմ մոտեցումն ու ընկալումն է: Այդ մասին Ստրասբուրգում հայաստանյան լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե վարչապետը արդյոք միակողմանի չի՞ խոսում խաղաղության մասին այն դեպքում, երբ Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնը որոշակի հարցեր պարզելու համար է օգտագործում:
Փաշինյանը հիշեցրեց, որ հաճախ է կրկնում, թե այն բոլոր ընկալումները, որ այսօր Հայաստանում կան, որոնց վրա հիմնվելով՝ քննադատության են արժանանում այդ թվում իր գործողությունները, ինքն էլ այդ ընկալումների կրողն է եղել, այդ ընկալումներից ոչ մեկն իր համար օտար և իրեն անծանոթ չեն:
«Մեր իրականության մեջ ամեն ինչ հետևյալ դիտանկյունից է ներկայացվում. Ադրբեջանն այս ասաց, մյուսն այն ասաց, երրորդը այն ասաց, չորրորդն այն ասաց, հինգերորդը այն ասաց, ու միշտ գործնականում տեսադաշտից դուրս է թողնվում, թե մենք ինչ ենք ասում:
Իսկ մենք ի՞նչ ենք ասում: Մենք երկար տարիներ խոսել ենք Հայաստանի սուբյեկտայնացման մասին, որ Հայաստանը ոչ թե միջազգային հարաբերությունների սուբյեկտ է, այլ միջազգային հարաբերությունների օբյեկտ: Դա ինչի՞ց է եղել, որ մեզ երբեք չի հետաքրքրել, թե մենք ինչ ենք ասում: Մեզ հետաքրքրել է, թե ուրիշներն ինչ են ասում: Հիմա ո՞րն է փոփոխությունը: Մեզ համար ամենակարևորն այն է, թե մենք ինչ ենք ասում, մեզ համար ամենակարևորն այն է, թե մենք ինչ դիրքորոշում ունենք և թե մենք մեր դիրքորոշումները ինչքանով ենք համապատասխանեցնում միջազգային երթևեկությանը և երթևեկության կանոններին»,- ասաց նա:
Անդրադառնալով Հայաստանում տարածված խոսույթին, թե Հայաստանն ինչ-որ մեկի պահանջն է կատարում, Փաշինյանը պարզաբանեց՝ Հայաստանը ոչ մեկի պահանջն էլ չի կատարում, ապա այս համատեքստում օրինակ մեջբերեց, որի մասին նախկինում մի քանի անգամ խոսել է:
«Մեր պատմության ընթացքում բազմիցս լինում են իրավիճակներ, եղել են իրավիճակներ (կներեք այս համեմատությունների, զուգահեռների համար), երբ մենք անընդհատ վրաերթի ենք ենթարկվում: Մենք անընդհատ վրաերթի էինք ենթարկվում, ու այդ վրաերթի արդյունքում սկսում ենք ասել՝ մարդկային արդարություն, մարդկային աշխարհ, անարդար աշխարհ, մարդկային արդարություն, մենք թքենք քո ճակատին: Բայց մենք մեր շուրջը չենք նայում: Կարող է դա նրանից է, որ մայրուղու երթևեկելի մասո՞ւմ ենք կանգնած և մայրուղու երթևեկելի հատվածում ենք: Այն, որ մենք ասում ենք՝ ժողովուրդ, եկեք, կարող է մենք ոչ թե պետք է մեր իմացած, մեզ ծանոթ մեթոդով ու որտեղից պատահի անցնենք փողոցը, այլ պետք է անցնենք հետիոտնային անցումով. դա կարող է մեկնաբանվել, որ, ա՛յ, էն դիմացի վարորդը կամ ուրիշ վարորդները սպառնացին մեզ, և մենք այնքան թուլամորթ գտնվեցինք, որ սկսել ենք կարմիր լույսի տակ կանգնել: Մենք այնքան թուլամորթ և անկամ պետություն ենք, որ սկսել ենք հետիոտնային անցումով անցնել: Մենք այնքան անկամ կամ թույլ պետություն ենք, որ սկսել ենք երթևեկության կանոններով երթևեկել կամ ուզում ենք սովորել երթևեկության կանոնները: Այն, ինչ տեղի է ունենում, այստեղ է...
Իմիջիայլոց, Հայաստանում կա, չէ՞, և եղել է, չէ՞, այդ ընկալումը՝ այ եթե դու կշիռ ունես, դու պիտի կարմիր լույսի տակով անցնես: Եթե կարմիր լույսի տակով չես անցնում, ուրեմն այդքան էլ քո դերը հանրության մեջ բան չի... Թող հետիոտնային անցումները միամիտներն անցնեն (չեմ ուզում ուրիշ բառ օգտագործել): Մենք ինչո՞ւ պիտի հետիոտնային անցումներով... որովհետև մենք ուժեղ տղա ենք: Այդպես չէ: Մենք մեր պետական հիգիենայի մասին պետք է մտածենք կամ էլ արձանագրենք՝ երբ մենք ուղղակի կանգնած ենք մայրուղու երթևեկելի մասում և ուզում ենք 100-ի տակ ընթացող ավտոմեքենաների վարորդներին և ավտոմեքենաներին բացատրել, թե ինչ է պատմական արդարությունը, թե մեր արգումենտներն ինչքան ճիշտ են, դա ոչ ոքի հետաքրքիր չէ, նրանք Ա կետից ուզում են գնալ Բ կետը: Մենք էլ, որ գնալիս ենք լինում, երբ տեսնում ենք՝ մեկը փողոցի կենտրոնում կանգնած ինչ-որ բան է ասում, լավագույն բանն այն է, որ դանդաղեցնում, շրջանցում ու անցնում ենք, որովհետև մենք մեր խնդիրն ենք լուծում»,- ասաց նա:
Փաշինյանը հիշեցրեց նաև իր՝ օգոստոսի 8-ին հաջորդած ելույթը, որում նշել է, որ խաղաղությունը երեխա է, ապա հավելեց, որ այդ երեխան էլ է հիվանդանալու, մրսելու է, գրիպ է ընկնելու: Լրագրողի դիտարկմանը, թե կան նաև անբուժելի հիվանդություններ, Փաշինյանն արձագանքեց. «Երեխան ոչ մի անբուժելի հիվանդությամբ վարակված չէ: Կարող եմ ձեզ վստահեցնել»: