Սեպտեմբերի 29-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանն ընդունել է Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների՝ Արարատի մարզի, Մասիս, Վեդի, Արմավիր և Արտաշատ քաղաքների, ինչպես նաև Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության ու Հայաստանի և Ժնևի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գրասենյակների ներկայացուցիչներին։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
ՀՀ ՏԻՄ ներկայացուցիչների՝ Ֆրանսիա այցն իրականացվում է Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության շրջանակում, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության ու Ժնևի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գրասենյակի կողմից ֆինանսավորվող, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրի համատեքստում։
Այցի ընթացքում ՀՀ ՏԻՄ ներկայացուցիչները լինելու են փարիզամերձ Կլամար, Սարսել, ինչպես նաև Լիոն, Մարսել ու Էքս-ան-Պրովանս քաղաքներում, որտեղ կհանդիպեն ինչպես քաղաքային, այնպես էլ՝ նախանշվող ծրագրերի իրականացմանը նպաստող ֆրանսիական դերակատար կառույցների ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը դեսպան Խաչատրյանը ներկայացրել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական բնույթ կրող համագործակցությունն ու դրա ընդլայնման հնարավորությունները, այդ թվում՝ ապակենտրոնացված համագործակցության շրջանակում ծրագրերի իրականացմանն ուղղված առկա ներուժն ու հնարավորությունները։