Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը մասնակցել է Խարբերդի մասնագիտացված մանկատանը տեղի ունեցած «Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք» խորագրով հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային 5-րդ ներառական փառատոնին։
ԱՍՀ նախարարության փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Նորա Արիսյանը, պետական կառույցների ներկայացուցիչներ, ՀՀ մարզերի հանրակրթական և արվեստի դպրոցների աշակերտներ, պատվավոր հյուրեր և այլք։
«Ճախրուկ» էթնոերաժշտախմբից բացի, երաժշտական կատարումներով հանդես են եկել նաև նախարարության ենթակայությամբ գործող երեխաների խնամքի հաստատությունների սաները, հատուկ կրթական դպրոցների աշակերտները, «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոնի տարեցները, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաներ՝ Ղազախստանի և Սիրիայի Արաբական Հանրապետություններից։
Կարևորելով նմանօրինակ նախաձեռնությունների դերը հաշմանդամություն և հատուկ կարիքներ ունեցող անձանց կարողությունների բացահայտման ու զարգացման գործում՝ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը շեշտել է նաև երաժշտության դերն ու նշանակությունը երեխաների թաքնված ներուժի ու կարողությունների արտահայտման գործում։
Փառատոնին զուգահեռ մանկատան այգու տարածքում մասնակիցները ներկայացել էին իրենց տաղավարներով՝ ցուցադրելով ձեռքի աշխատանքներ․նախարարի տեղակալն հյուրերի հետ միասին ողջունել է երեխաներին, ծանոթացել նրանց հետաքրքրություններին, խրախուսել ու ոգեշնչել՝ հավատալու սեփական ուժերին։
Միջոցառման ընթացքում երաժշտական խմբերի անդամները, հյուրերի հետ համատեղ, ստեղծել են «Ճախրուկ» փառատոնի խորհրդանշական կտավը։