Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգմամբ՝ Արարատի մարզում բնակվող 16 երեխա մասնակցում է Սլովենիայի Կարմիր խաչի առողջության և երիտասարդության Դեբելի Ռտիչ հանգստավայրում անցկացվող «Երեխաների սոցիալ-հոգեբանական վերականգնում Սլովենիայում» ծրագրին։
ԱՍՀՆ-ից հայտնում են, որ միջոցառումը նպատակ ունի աջակցել զոհված զինծառայողների և Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների երեխաների սոցիալ-հոգեբանական վերականգնման գործընթացին։
Ծրագրի շրջանակում երեխաները մասնակցում են կրթական և ուսուցողական ծրագրերի, ընդգրկված են տարբեր թերապիաներում, ներառյալ՝ շնչառական ֆիզիոթերապիա, դիմադրողականությունն ամրապնդող վարժություններ, լող։
Երեխաներին ուղեկցում են ներկայացուցիչներ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից և Արարատի մարզպետի աշխատակազմից։
Ծրագրի շրջանակում երեխաները հանդիպում են ունեցել Չեխիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանի, ինչպես նաև Սլովենիայի արտաքին գործերի նախարարության և Մարդու անվտանգության խթանում (ITF) կազմակերպության ներկայացուցիչների հետ․ հանդիպման ընթացքում վերջիններս հետաքրքրվել են երեխաների առօրյայով և հետաքրքրություններով։
Ծրագիրն իրականացվում է 2022 թվականից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Սլովենիայի «Մարդու անվտանգության խթանում» (ITF) կազմակերպության համագործակցությամբ։ Միջոցառումը ֆինանսավորվում է Սլովենիայի Հանրապետության և ԵԱՀԿ-ում Ավստրիայի մշտական ներկայացուցչության կողմից։