Երևանի քաղաքապետարանն առաջարկում է սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը դպրոցներում։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանի՝ սեպտեմբերի 29-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը՝ ներկայացնելով նախաձեռնության մանրամասները:
«Առաջարկում ենք 1-6-րդ դասարանի սովորողներին բացարձակապես թույլ չտալ դասապրոցեսի, միջոցառումների, դասամիջոցների ժամանակ իրենց մոտ ունենալ միացված հեռախոսներ: Առանձին դեպքերում, երբ երեխան պետք է ստիպված բերի հեռախոսը դպրոց, այն դասերի սկզբում կհանձնվի դասղեկին, [որը կպահի] համապատասխան պահման վայրում, և միայն դասերի ավարտից հետո թույլ կտրվի վերցնել:
7-12-րդ դասարանցիների համար առաջարկվում է սահմանափակումներով օգտագործում, ընդ որում՝ խոսքը միայն հեռախոսների մասին չէ. պլանշետների, խելացի ժամացույցների, բոլոր սարքավորումների մասին է նաև խիստ սահմանափակումը՝ բացառապես կրթական նպատակներով և ուսուցչի հրահանգով ու վերահսկողությամբ [օգտագործման դեպքերի]: Դա կարող է շաբաթական 1-2 անգամ լինել»,- ասաց նա:
Հանրակրթության վարչության պետը նաև տեղեկացրեց, որ նախատեսվում է այս սահմանափակումներն արդեն իսկ առաջարկել բոլոր դպրոցներին՝ միևնույն ժամանակ ապահովելով իրավական հիմքերը, նաև դպրոցի ներքին կարգապահական կանոններում ամրագրել որոշումը, իրազեկել ծնողներին բոլոր հետևանքների մասին, բացատրել, թե ինչ տեղի կունենա, եթե, այնուամենայնիվ, երեխաների մոտ հայտնաբերվի հեռախոս:
«Նաև առաջարկում ենք 15 դպրոցում, ինչը ընդհանուր դպրոցների 10 տոկոսն է, որոնց բաշխվածությունը կլինի ըստ կրթական աստիճանների, սովորողների թվի, աշխարհագրության, մոնիթորինգ իրականացնել և տարեվերջին գնահատել ֆիզիկական, սոցիալական, հոգեբանական ցուցանիշները, ակտիվությունը և, իհարկե, առաջադիմության որակը»,- ասաց նա՝ հավելելով, որ թեմայի վերաբերյալ քննարկում տնօրենների հետ արդեն իսկ եղել է:
Արձագանքելով նախաձեռնությանը՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց հարցը ուղարկել կարծիքի հավաքագրման, որից հետո ներկայացնել վերջնական լուծումներ:
«Դպրոցականները սկզբում որոշակիորեն մի փոքր կընդվզեն մեր որոշմանը, բայց կրթության որակի, նրանց առօրյայի և նույնիսկ երջանկության վրա վստահորեն այս արգելքները դրական են ազդելու»,- ասաց նա։